Մենք չենք հանձնվի, բոլորը շուտով կճանաչեն Ցեղասպանությունը. Քիմ Քարդաշյան
Քիմ Քարդաշյանը հպարտ է, որ այցելել է Հայաստան։ Այդ մասին ամերիկյան հեռուստաաստղը գրել է իր միկրոբլոգում՝ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառման մեջ։
«Այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է։ Ես հպարտ եմ, որ այցելել եմ Հայաստան։ Ես տեսել եմ հուշահամալիրն ու ցեղասպանությունը վերապրած մարդկանց, եւ հպարտ եմ, թե որքան ուժեղ են հայերը։ Տխուր եմ, որ 100 տարի անց ոչ բոլորն են ճանաչել, թե 1,5 միլիան մարդ է սպանվել»,- գրել է Քիմ Քարդաշյանը՝ հրապարակելով Ծիծեռնակաբերդում իր լուսանկարը։
Քարդաշյանը հավելել է, թե հպարտ է փոփոխությունները տեսնելու փաստով, երջանիկ, որ շատերը սկսել են ճանաչել ցեղասպանությունը։
«Մենք չենք հանձնվի, շուտով կճանաչվենք բոլորի կողմից»,- գրել է Քիմը՝ «Երբեք չենք մոռանա» եւ «Հպարտ հայուհի» հեշթեգերով։