Ա.Հովսեփյան.Հայ իրավաբանների խնդիրներից մեկը Հայոց ցեղասպանության կազմակերպիչների, դրդիչների և օժանդակողների բացահայտումն է

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ելույթը՝ «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ խորագրով» Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի ժամանակ.
«Համաժողովի հարգելի մասնակիցներ
Թույլ տվեք, նախ գոհունակություն հայտնել, որ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպվել է իրավաբանների ներկայացուցչական և խիստ կարևոր այս համաժողովը, որն իմ խորին համոզմամբ կարող է լույս սփռել Հայոց ցեղասպանության իրավական շատ կնճռոտ հարցերի վրա և լուրջ ազդակ դառնալ Հայոց ցեղասպանության, և ընդհանրապես, հայկական հարցի իրավական ուսումասիրության համար:
Խիստ արդիական և հետաքրքիր են նաև քննարկվող թեմաները` հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը և հայ իրավական միտքը, ցեղասպանության հետևանքների վերացման իրավական հիմնահարցերը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Սփյուռքում ձևավորված տարածաշրջանային հանձնախմբերի գործունեության իրավական հարցերը և այլն:
Ուրախալի է, որ այսօր արդեն շատ երկրներ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, բայց, ցավոք, միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել: Այդ պատճառով, այս կամ այն երկրի կողմից ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը լավագույն դեպքում մեզ` հայերիս, հուզական և բարոյական բավարարության զգացում է պատճառում, մանավանդ, նման որոշումները սասանում են Թուրքիայի սասանված հեղինակությունը:
Հայոց ցեղասպանության փաստը միջազգային հանրության կողմից ճանաչելուն խոչընդոտում են տարբեր երկրների` հիմնականում գերտերությունների տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը, երբեմն` այդ շահերի բախումը: Այդպիսին է իրավիճակն այսօր, այդպիսին է եղել նաև մեկ դար առաջ, երբ այդ նույն շահերի պատճառով գերտերությունների աշխարհաքաղաքական անկշտում ձգտումների զոհասեղանին հայտնվեց մեր հնագույն ժողովուրդը:
Հարկ է նշել նաև, որ հաճախ, Հայոց ցեղասպանության ճանաչման կամ չճանաչման հարցը դարձել է Թուրքիայի վրա քաղաքական ճնշում գործադրելու հզոր միջոց: Մենք այդ իրողություններից պետք է դասեր քաղենք: Ամենից առաջ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հուզական-բարոյական հարթությունից պետք է անցում կատարել դեպի իրավական հարթություն: Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ այսօր ստեղծված տարածաշրջանային և միջազգային բարդ իրավիճակում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ընդհանրապես, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը անհնար է լուծել առանց գիտականորեն հիմնավորված իրավական փաստարկների: Այսինքն, թե՛ Հայոց ցեղասպանության ճանաչումը, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է ունենա անթերի միջազգային-իրավական ապահովում: Եվ այդ բարդ խնդիրը կոչված ենք իրագործելու մենք` հայ իրավաբաններս:
Չի կարելի ասել, թե հայ իրավաբանները ոչինչ չեն արել Հայոց ցեղասպանության ճանաչման և Հայկական հարցի լուծման իրավական ապահովման գործում: Այստեղ բավական է հիշատակել միջազգային իրավունքի ճանաչված մասնագետ, իրավաբանական գիտություններ դոկտոր, պրոֆեսոր Յուրի Բարսեղովին: Հիշենք այդ նվիրյալ իրավաբանի այնպիսի աշխատություններ, ինչպիսիք են «Հայերի ցեղասպանությունը միջազգային իրավունքի համաձայն հանցագործություն է», «Միջազգային իրավունքի թուրքական դոկտրինան` ցեղասպանության քաղաքականության գործիք» և այլն: Այս աշխատություններում Յու. Բարսեղովը միջազգային իրավունքի տեսանկյունից քննարկում է 1876 թվականից մինչև 1923 թվականը Թուրքիայում հայերի նկատմամբ տեղի ունեցած ոճրագործությունները, հիմնավորում, որ դրանք պիտի որակվեն որպես ցեղասպանություն և Թուրքիան պետք է իրավական պատասխանատվություն կրի կատարված ոճրագործության համար: Ընդ որում, ուշագրավ է, որ Յու. Բարսեղովը կտրականապես դեմ է այն համոզմունքին, որ ցեղասպանությունը տեղի է ունեցել 1915 թվականին: Այդ համոզմունքը բնորոշ է ինչպես հայերի, այնպես էլ այլ ժողովուրդների առօրեական գիտակցությանը: Յու. Բարսեղովը, խորտակելով այդ կարծրատիպը, իրավաբանորեն ապացուցում է, որ Հայոց ցեղասպանությունը սկիզբ է առել 1876 թվականին, Օսմանյան կայսրությունում, ապա ընդհատումներով շարունակվել մինչև 1923 թվականը: Այսինքն, Թուրքիայում Հայոց ցեղասպանությունն իրականացրել են թե՛ թուրք սուլթանները, թե՛ երիտթուրքերը, թե՛ քեմալականները: Դա նշանակում է, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը այս կամ այն կոնկրետ իշխանության գործը չէ, մասնավորապես, միայն Օսմանյան կայսրությունը չէ, որ պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության համար, այլև ժամանակակից Թուրքիան, որի հիմնադիր Քեմալ Աթաթյուրքի ձեռքերն էլ մինչև արմունկները ներկված են հայերի արյամբ:
Ավարտելով խոսքս` Յու. Բարսեղովի` հայերի ցեղասպանության իրավական հետազոտությունների մասին, հատկապես ցանկանում եմ հիշատակել այդ մեծ երախտավորի կողմից կազմված և խմբագրված «Հայերի ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվության վերաբերյալ փաստաթղթերի ժողովածուն»: Այս ժողովածուն եզակի է ինչպես փաստագրական նյութերով, այնպես էլ զուտ իրավական ուղղվածությամբ: Եթե նմանօրինակ նախկին ժողովածունների նպատակը ցեղասպանության բուն փաստի ապացուցումն էր, ապա այս ժողովածուն կազմվել է իրավական կտրվածքով և վերաբերում է Թուրքիայի իրավական պատասխանատվությանը:
Հուսով եմ, Յուրի Բարսեղովի գործը շարունակողներ կունենա: Հայ իրավաբանները, խոսքս հատկապես վերաբերում է երիտասարդներին, պետք է շարունակեն այս ուղղությամբ անհրաժեշտ հետազոտություններ և վերլուծություններ կատարել:
Այն, որ Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը հիմնարար կերպով ապացուցված է, անվիճելի փաստ է: Թուրքերի այդ քստմնելի ոճրագործության բազմաթիվ ապացույցներ կան` ականատեսների վկայություններ, նամակներ, օրագրեր, պաշտոնեական փաստաթղթեր, ցեղասպանությանն անմիջականորեն մասնակցած թուրքերի և այդ իրադարձություններին ականատես օտարերկրացիներ հիշողություններ: Այդ ամենից բացի մենք ունենք նաև թուրքական իշխանությունների ինքնախոստովանությունը, որն ամրագրված է թուրքական դատարանների կողմից 1919-1920 թվականներին կայացված դատավճիռներում: Այդ տարիներին թուրքական դատարանները ձեռնարկել են մի շարք դատավարություններ, որոնցում որպես ամբաստանյալներ հանդես են եկել թուրքական պետական և քաղաքական գործիչներ, զինվորականներ, պաշտոնատար անձինք: Նրանք դատապարտվել են հայերի զանգվածային սպանությունների և բռնի տեղահանությունների համար: Այդ դատավճիռները Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաշտոնեական, իրավական վավերագրեր են, որոնք դժվարությամբ կարող են վիճարկել անգամ ներկայիս թուրք ազգայնամոլները: Կարծում եմ, որ իրավական հետազոտությունների այս ուղղությունը խիստ հեռանկարային է և արդյունավետ:
Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման մասին՝ մենք հիմնական պատասխանատու ենք համարում Թուրքիային: Թուրքիան, իրավաբանական լեզվով ասած, ոճրագործության կատարողն է: Եվ դա այդպես է: Բայց մենք` իրավաբաններս, լավ գիտենք, որ ոճրագործները հաճախ ունենում են հանցակիցներ` կազմակերպիչներ, դրդիչներ, օժանդակողներ: Իսկ եղե՞լ են արդյոք անհատ անձինք, միջազգային բացահայտ կամ գաղտնի կազմակերպություններ, ժողովուրդներ և պետություններ, ովքեր կազմակերպել , օժանդակել կամ դրդել են Հայոց ցեղասպանությունն իրականացնողներին: Եվ գլխավորը` ինչ նպատակով: Գրականության մեջ արդեն հայտնվել են որոշ տեղեկություններ Հայոց ցեղասպանության կազմակերպիչների, օժանդակողների, նույնիսկ համակատարողների մասին: Բայց այդ տեղեկություններում բարձրաձայնված միջազգային կազմակերպությունների և պետությունների մասին ես առայժմ լռում եմ, քանի որ դրանք սոսկ վարկածներ են, որոնք իրավական լուրջ հետազոտությունների կարիք ունեն: Հայ իրավաբանների խնդիրներից մեկն էլ համարում եմ Հայոց ցեղասպանության կազմակերպիչների, դրդիչների և օժանդակողների բացահայտումը:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման իրավական հարցերին, ապա այստեղ էլ հայ իրավաբանները լուրջ անելիքներ ունեն: Այստեղ մի շարք իրավաբանական խնդիրներ են ծագում: Անվիճելի է, որ Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումը կապված է փոխհատուցման հետ: Ի՞նչ բնույթ պետք է ունենա այդ փոխհատուցումը, զուտ բարոյակա՞ն, թե՞ նաև գույքային և տարածքային: Ինչպիսի՞ն է փոխհատուցում ստացող սուբյեկտների շրջանակը: Այն պետք է ընդգրկի ցեղասպանության զոհերի ժառանգների՞ն, Հայ առաքելական Եկեղեցու՞ն, Հայաստանի Հանրապետությա՞նը, թե՞ բոլորին միասին: Իմ խորին համոզմամբ, ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ Եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները և այլն: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ:
Մենք բոլորս տեղյակ ենք, որ միջազգային ապահովագրական ընկերությունները 2007 թվականից սկսած որոշել էին վճարել Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած անձանց ժառանգներին համապատասխան ապահովագրական վճարներ: Սակայն վճարումները վերջերս դադարեցրեցին: Ինչո՞ւ: Իհարկե, անժխտելի է Թուրքիայի ճնշումների դերը, բայց եթե մենք իրավաբանորեն հիմնավորված, անվիճելի փաստարկների տիրապետեինք, այդ գործընթացը տրամաբանական ավարտ կունենար:
Իհարկե, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը խիստ կարևոր է հայ ժողովրդի, նաև թուրք ժողովրդի, ինչու՞ չէ՝ նույնիսկ համայն մարդկության համար: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն հուզական-բարոյական բավարարվածության զգացում կառաջացներ, ոչ միայն հայ ժողովրդին թույլ կտար թոթափելու անլիարժեքության սոցիալ-հոգեբանական բարդույթը, այլև լիարժեք կլուծեր փոխհատուցման հետ կապված բոլոր հարցերը: Սակայն ահա մեկ դար է, ինչ հայ-թուրքական հարաբերությունները դոփում են տեղում, և չնայած, բազմաթիվ պետություններ պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, մենք ոչ մի շոշափելի արդյունքի չենք հասել: Համոզված եմ, որ նույն իրավիճակում կհայտնվենք նաև մեկ հարյուրամյակ հետո: Եվ նման իրավիճակի պատճառը միայն Թուրքիայի ժխտողական դիրքորոշումը և գերտերությունների աշխարհաքաղաքական հակասությունները չեն: Իմ խորին համոզմամբ, պատճառը նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ մեր դիրքորոշումն է:
Կարծում եմ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի կարելի հայկական հարցի լուծման կախարդական բանալին համարել և հայ ժողովրդի նյութական, մարդկային և մտավոր ռեսուրսներն ամբողջովին ուղղել միայն այդ հարցի լուծմանը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հայկական հարցի լուծման և, ընդհանրապես, հայ-թուրքական հարաբերությունների համապարփակ կարգավորման սոսկ մեկ բաղադրիչն է, խիստ կարևոր, բայց ընդամենը մեկ բաղադրիչը: Իսկ հայկական հարցի լուծումը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, որն ունի զուտ իրավական բնույթ, պետք է լուծվի իրավական հարթությունում, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա: Դա նշանակում է, որ համապատասխան միջազգային-իրավական փորձաքննությունների պետք է ենթարկվեն հայ ժողովրդին, նրա տարածքներին առնչվող բոլոր միջազգային պայմանագրերը` Բեռլինի Կոնգրեսից սկսած մինչև վերջին հայ-թուրքական չվավերացված պայմանագիրը: Հակառակ դեպքում մենք կունենանք այն, ինչ ունենք:
Ի՞նչ է կատարվում այսօր: Համարյա ամեն օր Ադրբեջանից լսվում են ամենաբարձր պաշտոնատար անձանց բարբաջանքները, թե Սյունիքը ադրբեջանական տարածք է, Երևանը ադրբեջանական տարածք է, դե Արցախն անվիճելիորեն ադրբեջանական տարածք է: Իսկ մենք լռում ենք, լավագույն դեպքում Ադրբեջանից հնչող պահանջներն անհիմն ենք համարում: Համաձայն եմ, դրանք, իրոք, բարբաջանք են, այնքան ակնհայտ կեղծիք է և սուտ, որ անհարմար է թվում նույնիսկ դրանց պատասխանելը: Լավագույն դեպքում խորհուրդ ենք տալիս ադրբեջանցիներին ծանոթանալ հնագույն պատմիչների գործերին, որոնց «Ադրբեջան» անվանումն անգամ հայտնի չէ: Բայց արդյո՞ք առավել արդյունավետ չէր լինի Ադրբեջանցիներին հիմնավորված հակընդդեմ պահանջ ներկայացնել: Այսպես, Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի պայմանագրի 3-րդ հոդվածի համաձայն Նախիջևանն անջատվել է Հայաստանից և որպես ինքնավար նահանգ հանձնվել Ադրբեջանի հովանավորությանը: Առայժմ չանդրադառնալով Մոսկվայի 1921թ. մարտի 18-ի պայմանագրի օրինականությանը՝ նշեմ միայն, որ Ադրբեջանի Կենտգործկոմի 1923թ. հունիսի որոշմամբ ինքնագլուխ վերանայվեց նշված միջազգային պայմանգիրը, փոփոխվեց Նախիջևանի կարգավիճակը, և այդ երկրամասը դուրս բերվեց Ադրբեջանի հովանավորության տակից և ընդգրկվեց Ադրբեջանի կազմում: Այդ որոշումը միջազգայի իրավունքի այնպիսի կոպիտ խախտում էր, որ նույնիսկ Թուրքիայի կառավարությունը 1923թ. հուլիսին հանդես եկավ բողոքի նոտայով և Ադրբեջանի Կենտգործկոմի այդ որոշումը գնահատվեց որպես բռնազավթում: Իրավունք ունե՞նք մենք այսօր հայտատարարելու, որ Նախիջևանը Հայաստանի անբաժանելի մասն է, բայց բռնազավթած ` Ադրբեջանի կողմից: Անկասկած, իրավունք ունենք, բայց չգիտես ինչու լռում ենք:
Այժմ վերադառնանք հայ ժողովրդին առնչվող միջազգային պայմանագրերին: Նշեմ, որ այս հարցում էլ միջազգային իրավունքի հայ մասնագետները ուշագրավ ուսումնասիրություններ են կատարել և խիստ հետաքրքրական եզրակացությունների են հանգել: Այդ կապակցությամբ ցանկանում եմ անդրադառնալ մի քանի հարցերի: Միջազգային իրավունքի մեր մասնագետների ուսումնասիրություններից երևում է, որ 1920թ. օգոստոսի 10-ի Սևրի պայմանագիրը հայ ժողովրդի համար խիստ կարևոր միջազգային-իրավական փաստաթուղթ է: Թեև այդ պայմանագիրը չի վավերացվել մասնակից երկրների կողմից, բայց և չի դենոնսացվել Լոզանի 1923թ. հուլիսի 23-ի պայմանագրով: Սևրի պայմանագիրը չվավերացված, բայց ոչ թե ուժը կորցրած պայմանագիր է: Սակայն հայ ժողովրդի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսակից խիստ կարևոր է ոչ թե Սևրի պայմանագիրը, այլ այդ պայմանագրի հետ կապված ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճիռը, որով սահմանվում են Հայաստանի տարածքները: Միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի համաձայն, եթե կողմերի միջև վեճ կա և նրանք համաձայնում են առկա վեճի լուծումը հանձնարարել երրորդ կողմին, ապա մեկընդմիշտ ընդունում են, որ իրավարարի ցանկացած որոշում կողմերը պարտավոր են կատարել: Ընդ որում, իրավարար վճիռը վերջնական է, բողոքարկման ենթակա չէ և չունի ժամանակային որևէ սահմանափակում: Հայաստանի, Թուրքիայի և ևս տասնվեց երկրների համար այդպիսի իրավարար վճիռ է ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի նշված վճիռը, որով Հայաստանին են անցնում Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգները` 103599 քառակուսի կիլոմետր տարածքով: Սևրի պայմանագրի 89-րդ հոդվածի համաձայն՝ Թուրքիան, Հայաստանը, ինչպես նաև մյուս Պայմանավորվող Բարձր Կողմերը համաձայնում են Էրզրումի, Տրապիզոմի,Վանի և Բիթիլիսի վիլայեթներում Հայաստանի և Թուրքայի սահմանների որոշումը ներկայացնել ԱՄՆ Նահագահի իրավարար վճռին:
Կարող է հարց ծագել, որ եթե Սևրի պայմանագիրը ուժի մեջ չի մտել, ապա ուժի մեջ չի մտել նաև նրա 89-րդ հոդվածը, հետևաբար, ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը նույնպես իրավական ուժ չունի: Սակայն հարցն այդքան պարզունակ չէ և չի կարող միարժեք բացասական լուծում ունենալ:
Նշված հոդվածն ընդամենը Հայաստանի, Թուրքիայի և մյուս երկրների կամահայտության ձևակերպումն է, որի հիման վրա ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնը ձեռնամուխ է եղել և կայացրել իրավարար համապատասխան վճիռ: Սևրի պայմանագրի հետագա վավերացումը կամ անվավեր թողնելը որևէ կապ չունի կողմերի կամահայտության հետ: Պատահական չէ, որ Լոզանի 1923թ. հուլիսի 24-ի պայմանագրով կարգավորված են Թուրքիայի սահմանները Հունաստանի, Բուլղարիայի հետ, Սիրիական տարածքների շփման գոտում, մինչդեռ հայ-թուրքական սահմանի կարգավորման մասին ոչ մի խոսք չկա: Մասնավորապես, Լոզանի պայմանագրով Կարս Նահանգը չի ընդգրկված ներկայիս Թուրքիայի տարածքում: Դա նշանակում է, որ ներկայիս հայ-թուրքական սահմանը չի համապատասխանում Լոզանի պայմանագրին:
Ի դեպ, այն, որ ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը իրավաբանական ուժ ունեցող անբեկանելի վճիռ է, հայտարարել են նաև ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի կոնգրեսի անդամ Էնտոնի Պորտանտինոն և ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն:
Այստեղ կարելի է առարկել, թե հայ-թուրքական սահմանի հարցն արդեն իսկ կարգավորված էր Մոսկվայի ռուս-թուրքական 1921թ. մարտի 21-ի պայմանագրով, որի համաձայն Թուրքիային հանձնվեցին Կարսն ու Արդահանը, Նախիջևանն անջատվեց Հայաստանից և ինքնավար նահանգի կարգավիճակով հանձնվեց Ադրբեջանի հովանավորությանը: Բայց այդ պայմանագիրը չի կարող միջազգային լիարժեք պայմանագիր համարվել, որովհետև պայմանագրի կողմերը պայմանագիրը կնքելու պահին միջազգային հանրության կողմից ճանաչված չէին և չէին կարող համարվել միջազգային իրավունքի սուբյեկտ: Բացի այդ, Հայաստանին թույլ չտվեցին մասնակցելու անգամ ռուս-թուրքական բանակցություններին, և նա այդ պայմանագիրը չի ստորագրել: Իսկ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներից մեկն այն է, որ երրորդ կողմը, ով չի ստորագրել պայմանագիրը, որևէ պարտավորություն չի կարող կրել:
Այստեղ կարելի է կրկին առարկել, թե Հայաստանը մասնակցել է 1921թ. հոկտեմբերին Կարսում թուրքերի հետ տեղի ունեցած բանակցություններին և ստորագրել է Մոսկվայի պայմանագրի դրույթները կրկնող, ավելի՝ Սուրմալուի գավառը թուրքերին հանձնելու մասին 1921թ. հոկտեմբերի 21-ի պայմանագիրը: Սակայն այդ պայմանագիրն ի սկզբանե անվավեր էր, քանի որ Հայաստանը Ռուսաստանի մասն էր և միջազգային իրավունքի սուբյեկտ չէր:
Միջազգային-իրավական այս լրջագույն խնդիրը ես թռուցիկ շոշափեցի, քանզի նպատակս ոչ թե նշված պայմանագրերի մանրակրկիտ իրավական հետազոտությունն է, այլ նման հետազոտության անհրաժեշտության վրա համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրելը: Վստահ եմ՝ հայ իրավաբաններն անհրաժեշտ ներուժ ունեն՝ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված բոլոր միջազգային իրավական պայմանագրերը մանրակրկիտ հետազոտելու և անհրաժեշտ եզրակացությունների հանգելու համար:
Այսօր հայ-թուրքական սահմանի հարցը դեռեւս կարգավորված չէ: Մենք տարածքային վեճեր ունենք ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Կարծում եմ, որ այդ վեճերի իրավաբանական լուծման հանար անհրաժեշտ է պատրաստել հայցային մի մեծ փաթեթ, համապատասխան իրավաբանական հիմնավորումներով և այն ներկայացնել Հայաստանի իշխանություններին՝ հետագայում այն ՄԱԿ-ի իրավական վճիռներ կայացնող հիմանկան մարմնին՝ Արդարադատության միջազգային դատարանին հանձնելու հարցը լուծելու համար:
Համոզված եմ, որ եթե Ադրբեջանն ունենար մեր` իրավաբանորեն հիմնավորված հավակնությունների հարյուրերորդ մասը, արդեն դիմած կլիներ ոչ միայն Արդարադատության միջազգային դատարան, այլև հնարավոր և անհնար բոլոր ատյաններ:
Հուսով եմ, որ այս համաժողովը նոր ազդակ կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը իրավական հարթություն տեղափոխելու անհրաժեշտ հետազոտություններ և ուսումնասիրություններ կատարելու համար:
Չմոռանանք, որ ժամանակը մեր դեմ է աշխատում»: