Գերմանիայի խորհրդարանում քննարկվում է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը (ուղիղ)

Գերմանիայի Բունդեսթագում (խորհրդարան) սկսվել է Հայոց ցեղասպանության մասին օրինագծի քննարկումը: 

Tert.am-ի փոխանցմամբ` Խորհրդարանի նիստին ներկա է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Գերմանիան մեղքի իր բաժինն ունի այդ տարիներին կատարվածում»,- իր ելույթի ընթացքում ասել է Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը։

Ըստ նրա՝ իրական խաղաղություն չի կարող լինել, եթե չի վերականգնվել Ցեղասպանության զոհերի սերունդների համար արդարությունը։

«Օրհան Փամուկն ու Հրանտ Դինքն արժանի են, որ այսօր ստանան մեր աջակցությունը»,- հավելել է նա։

Երեկ «ցեղասպանություն» եզրույթն օգտագործել էր նաև Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը՝ Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ:

Գերմանացիներս միասնական պետք է աշխատենք, քանի որ հայերի ցեղասպանության պարագայում մեղսակից ենք, ուստի՝ կրում ենք համապատասխանատվություն»,-հայտարարել էր նախագահը:

Գերմանիայի կառավարությունը նախ փորձում էր խուսափել 1915-ի դեպքերը ցեղասպանություն կոչելուց և որոշել էր չեզոք դիրք գրավել այդ հարցում: Սակայն ավելի ուշ Գերմանիայի կանցլերի մամուլի խոսնակը հայտարարեց, որ մտադիր են աջակցություն հայտնել խորհրդարանում ներկայացված բանաձևին:

Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը կանխելու համար Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն զանգահարել էր  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:

Գերմանաբնակ թուրքերը ևս հայտարարությամբ էին հանդես եկել՝ նշելով, որ ճանաչման օրինագծի ընդունումը վնաս կհասցնի թուրք-գերմանական հարաբերություններին:

Թուրքիայի վարչապետը չէր բացառել, որ ընդունման դեպքում Թուրքիան դիվանագիտական քայլեր կձեռնարկի: Ավստրիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչումից, ինչպես նաև Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունից հետո Թուրքիան հետ էր կանչել Վիեննայում և Վատիկանում իր դեսպաններին:

 Ուղիղ միացումը՝ այստեղ։

Scroll Up