Վերջապես աշխարհը մեր կողմն է. Նուբար Աֆեյանը՝ ԱՄՆ նախագահի ուղերձի մասին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան այս տարվա ուղերձը ցույց տվեց, որ այս տարի «վերջապես նման աշխարհը մոտավորապես մեր կողմն է»: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում NEWS.am-ին ասաց Ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանը:
«Ամբողջ աշխարհն առհասարակ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, բացի այն երկրից, որտեղ ես եմ ապրում՝ ԱՄՆ-ն: ԱՄՆ նախագահն այսօր առավոտյան իր ուղերձում «Մեծ եղեռն» բառն օգտագործեց, ասաց, որ գնահատում է Հռոմի Պապի խոսքերը, ինչը նշանակում է, որ ինքն ամեն գնով ուզում է հասկացնել… բայց մեծ երկրի ղեկավար է: Ես տխուր եմ, որ նա չգործածեց ցեղասպանություն բառը, բայց միեւնույն ժամանակ կարծում եմ, որ այս տարի վերջապես նման աշխարհը մոտավորապես մեր կողմն է»,- ասաց Նուբար Աֆեյանը:
Նրա խոսքով՝ եթե Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, նա պարզապես ընդունելու է, որ սխալվել է:
Ամբողջ աշխարհի կողմից Ցեղասպանության ճանաչման համար, ըստ բարերարի, պետք է միավորվի ամբողջ սփյուռքը եւ յուրաքանչյուրը իր հայանպաստ գործով օգնի դրան:
«Սփյուռքում այսօր ապրում է 10 միլիոն հայ, որի մեծամասնությունը կապված չէ Հայաստանի հետ, Հայոց գաղափարությունը չունեն: Եթե զարգացնեն այդ գաղափարությունը, ավելի մեծ ուժ կդառնանք թե Հայաստանում, թե ամբողջ աշխարհում: Կարծում եմ՝ հենց այդ զարգացումն է մեզ պետք, պետք է կապեր ստեղծել, ցանցեր ամբողջ աշխարհում եւ հարատեւ հիշել Հայոց ցեղասպանության մասին»,- ասաց Նուբար Աֆեյանը՝ ավելացնելով, որ մեր ազգի 100 տարվա պայքարը կարող է օրինակ դառնալ այն ազգերի համար, որոնք նույն ճակատագրին են արժանացել:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձում 1915-ին տեղի ունեցած իրադարձությունները կրկին չի կոչել «ցեղասպանություն», նա ասել, էր որ այս տարի նշվում է Մեծ եղեռնի՝ 20-րդ դարի առաջին զանգվածային չարագործության 100-րդ տարելիցը: