Ամոթի զգացումից ելնելով`Թուրքիան վախենում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Քերոլայն Քոքս
Թուրքիան վախենում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը` ամոթի զգացումից ելնելով: Իսլամական պետություններում շատ են կարեւորում ամոթի, եւ Թուրքիան շատ է վախենում դրանից:
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ հավելելով, որ վստահ է, որ Թուրքիան կճանաչի այն: «Ի վերջո Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մի քանի տարի առաջ եղել եմ Թուրքիայում, եւ իմ գործընկերները, ովքեր գիտանականներ են, պրոֆեսորներ, հայտարարում էին, որ ցանկանում են, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան շատ է վախենում ամոթի բիծ թողնել իր պատմության վրա: Շատ ավելի հեշտ կլիներ, եթե մտածեին, որ ցեղասպանոթյան ճանաչումը պատվի հարց է»,- ասաց Քոքսը՝ հավելելով, որ Թուրքիային վախեցնում է նաեւ այն փաստը, որ ճանաչումից հետո հայ ժողովուրդը հետեւանքների վերացման հարց կդնի: Քոքսն այս տարի անգլախոս մեդիայի շրջանակում դրական առաջընթաց է տեսնում Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ: «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպես է մեկնաբանում Անգլիայի արքայազնի որոշումը ապրիլի 24-ին մասնակցել Գալիպոլիի տոնակատարությանը, Քոքսն ասաց, որ այդ որոշումը չի մեկնաբանի:
Երևանում ապրիլի 22-23-ին անցկացվում է գլոբալ ֆորում, որին մասնակցում է ավելի քան 600 մասնակից աշխարհի տարբեր երկրներից: Նրանց շարքում են հայտնի խորհրդարանականներ, քաղաքական գործիչներ, ցեղասպանագետներ, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ: