Հայ եւ վրացի նկարիչները հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/Virahater.png)
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Հայոց գողգոթա» խորագրով ցուցահանդեսով հայ եւ վրացի նկարիչները հարգել են 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Վիրահայոց թեմի փոխանցմամբ՝ ցուցահանդեսին ներկայացվել են Մեծ եղեռնի թեմայով Թբիլիսիի և Սամցխե-Ջավախքի տարբեր սերնդի հայ և վրացի նկարիչների ավելի քան 60 աշխատանք:
«Հիսուս Քրիստոսի դեպի Հարություն տանող ճանապարհի նման հայ ժողովրդի պատմական ուղին եղել է տառապանքներով լի, արյուն-արցունքով շաղախված, որ տարել-հասցրել է Դէր Զորի անապատներ, բայց Գողգոթայի բարձունքին հասած բազմաչարչար Տիրոջ նման հայ ժողովուրդն ունեցել է փրկություն և վերածնունդ՝ աշխարհին ներկայանալով իր մշակույթով, գիտության նվաճումներով և համամարդային արժեքներով»,- ցուցահանդեսի բացման արարողությանն ասել է Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ, ճանաչված մանրանկարիչ Մերուժան Շահումյանը: