Բունդեսթագում քննարկվելիք բանաձևում հստակ նշվում է Հայոց ցեղասպանության հարցում գերմանական պատասխանատվությունը
Գերմանիայի ձախակողմյան Կանաչների կուսակցության համանախագահ, պատգամավոր Ջեմ Օզդեմիրը հրապարակել է Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին քննարկման դրվելիք բանաձևի փոփոխված նախագիծը:
Ազգությամբ թուրք պատգամավորը «Ֆեյսբուք»-ի իր էջում արած գրառման մեջ հրապարկել է լուսանկար և բոլորի ուշադրությունը հատկապես հրավիրել է այն փաստի վրա, որ տեքստում բացահայտ նշվում է ցեղասպանություն բառը և գերմանացիների պատասխանատվությունը: Տեքստում նշվում է նաև, որ «այս տարի լրանում է ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կիրառված ցեղասպանության հարյուրերորդ տարին»:
Գերմանիայի խորհրդարանն իր պաշտոնական կայքում հրապարակել է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված նոր բանձևի նախագծի տեքստը, որում մի քանի անգամ նշվում է «ցեղասպանություն» եզրույթը:
Ապրիլի 24-ին, Գերմանիայի ժամանակով առավոտյան ժամը 9-ին հենց Հայոց ցեղասպանության հարցի քննարկմամբ էլ սկսվելու է լիագումար նիստը: Քննարկմանը հատկացվելու է մեկ ժամ, որի ընթացում 3 զեկույցով են հանդես գալու Գերմանիայի խորհրդարանի ամենախոշոր խմաբկցությունները` Քրիստոնեադեմոկրատական միությունը (ՔԴՄ)/Քրիստոնեասոցիալիստական միությունը(ՔՍՄ), Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և Ձախակողմյանների կուսակցությունը: Դրանից հետո քվեարկության է դրվելու բանաձևի նախագիծն` արդեն «ցեղասպանություն» եզրույթով ու հիմնավորմամբ, թե որ կոնվենցիայի որ կետով են օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ջարդերը ենթակա կոչվելու «ցեղասպանություն»: