Գլենդելի քաղխորհուրդը ապրիլը հռչակել է Ցեղասպանության զոհերի ոգեկոչման ամիս

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Քալիֆորնիայի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ, Գլենդելի նախկին քաղաքապետ Էյլին Գիվենսի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Երեւան այցելելու եւ ապրիլի 24-ին հայ ժողովրդի հետ միասին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար:

«Այս տարին առանձնահատուկ է համայն հայության համար, քանի որ նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մենք անկեղծորեն շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այսօր մեր կողքին են ու մեզ հետ միասին հարգանքի տուրք են մատուցում միլիոնուկես անմեղ նահատակների հիշատակի առջեւ»,- ընդգծել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը նաեւ շնորհակալություն է հայտնել Գլենդելի քաղաքային խորհրդին՝ հայ համայնքի նկատմամբ մշտապես ցուցաբերվող աջակցության եւ ուշադրության համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էյլին Գիվենսն իր հերթին, առանձնակի կարեւորելով հայ համայնքի ակտիվ գործունեությունը, ընդգծել է, որ այն իր ուրույն եւ կարեւոր դերակատարումն ունի Գլենդելի զարգացման հարցում:

«Շուրջ 800 հազար բնակչություն ունեցող Գլենդել քաղաքի 80%-ը հայեր են, եւ պետք է խոստովանեմ, որ նրանք իրենց կարեւոր դերակատարումն ունեն քաղաքի զարգացման գործում: Հայ համայնքի կողմից այս օրերին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել եւ կազմակերպվում, որոնք, անշուշտ, չափազանց կարեւոր են: Գլենդելի քաղաքային խորհուրդը եւս մեծ պատասխանատվությամբ ընդունեց 2015թ. ապրիլը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ամիս հայտարարելու մասին հռչակագիրը, որը նույնպես յուրօրինակ խոնարհում է Ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ»,- նշել է Էյլին Գիվենսը:

Հանդիպման ավարտին Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ, Գլենդելի նախկին քաղաքապետ Էյլին Գիվենսը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է փոխանցել Գլենդելի քաղաքային խորհրդի կողմից ընդունված վերոնշյալ հռչակագիրը:

Scroll Up