Ո՞վ, եթե ոչ մենք. Նաղդալյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է Ցեղասպանության հարցը
Մենք գենոցիդը համարում ենք ոճրագործություն բոլորի դեմ: Այս մասին ըստ NEWS.am-ի՝ ապրիլի 20-ին, ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթում հայտարարել է հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
ԵԽԽՎ-ում իր աշխատանքներն է շարունակում երեկվանից մեկնարկած գարնանային նստաշրջանը, որի օրակարգում թեեւ Հայաստանին առնչվող հարցեր ընդգրկված չեն, բայց մեր պատվիրակները օգտագործելով ելույթի իրենց իրավունքը` տարբեր ձեւաչափերում ակտիվ կերպով բարձրացնում են Հայաստանին ու ԼՂ-ին առնչվող կարեւորագույն հարցեր:
Ապրիլի 20-ին Ազատ քննարկման ձեւաչափում ԵԽ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է ցեղասպանության ճանաչման, պատմական ճշմարտության վերականգնման խնդրին: Նա իր ելույթում մասնավորապես նշել է.
«Ապրիլի 24-ին , աշխարհը, հայերիս հետ միասին, կոգեկոչի ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակը: «Գենոցիդ» բառը սակրալ նշանակություն է ձեռք բերել ոչ միայն ժառանգների համար այն քրիստոնյաների, որ 20-րդ դարասկզբին սպանվեցին Օսմանյան կայսրության տարածքում՝ իբրեւ երիտթուրքական կառավարության ծրագրված ու մանրամասն մշակված քաղաքականության իրագործում, այլեւ՝ ցեղասպանությունն իրագործածների: Այսօր թուրքերը՝ ընդդեմ հայոց ցեղասպանության ճանաչման առաջադրում են «Մեզ միացրեք, ոչ թե բաժանեք» կարգախոսը: Ճիշտ կարգախոս է, մենք էլ ենք համաձայն փոխըմբռնումի, մենք էլ դեմ ենք բաժանարար գծերի խորացմանը, բայց մենք ուզում ենք, որ այդ միասնականության հիմքում լինի իրականության ադեկվատ գնահատականն ու պատմական ճշմարտությունը, ոչ թե պատմության խեղաթյուրումն ու կեղծիքը: Ու դա հայերիս սուբյեկտիվ ցանկությունը չէ, դա քաղաքակիրթ աշխարհի օբյեկտիվ գնահատականն է:
Ապրիլի 12-ին Հռոմի սուրբ Պետրոս տաճարում մատուցված պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը ասաց , որ անցյալ դարում մարդկությունը ապրել է երեք ողբերգություն, որոնցից առաջինը հայերի ցեղասպանությունն է: Հռոմի սրտում գտնվող սուրբ Պետրոս տաճարում կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիների առաջին համատեղ պատարագն ապացուցեց, որ աշխարհում ոչ ամեն ինչ է գնվում ու վաճառվում:
Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ ու երկրներ ճանաչել են հայերիս ցեղասպանությունն ու դատապարտել ցեղասպանության ժխտողականությունը: Մենք գենոցիդը համարում ենք ոճրագործություն բոլորի դեմ, մարդկության ու մարդու կյանքի բնական իրավունքի դեմ: Առաջինը հայերն էին, երկրորդը՝ հրեաները: Ո՞վ է հաջորդը ցեղասպանված ազգերի ցանկում: Ցավոք, այս հարցը բազում պատասխաններ է ստացել առաջին ցեղասպանությունից հետո՝ ադեկվատ գնահատականի պակասի պատճառով:
21-րդ դարում ի հայտ եկած ահաբեկչությունը՝ «Իսլամական պետություն» անունով, այսօր ճիշտ նույն մեթոդներով է քառատում, գլխատում, ողջակիզում քրիստոնյաներին, պայթեցնում ու ոչնչացնում համաշխարհային մշակույթի հուշարձանները, ինչպես արել են երիտթուրքերը: «Իսլամական պետության» գոյությունն այսօր պատասխանն է այն հարցի, թե ինչո՞ւ պիտի դատապարտվի ոչ միայն գենոցիդը, այլեւ գենոցիդի ժխտողականությունը:
Օրեր առաջ Եվրոպայի խորհրդարանի ճնշող մեծամասնությամբ ընդունվեց բանաձեւ, որը ԵԽ-ում ներկայացված բոլոր քաղաքական խմբերի համատեղ փաստաթուղթն է: Եվրոպական խորհրդարանն ընդգծեց, որ ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը պետք է լինի Եվրոպական միության գլխավոր առաջնահերթությունը: Մենք ողջունում ենք այս կարեւոր եւ արդարացի որոշումը:
Նույն գործընթացն է նաեւ մեր Վեհաժողովում՝ ավելի քան 150 ԵԽԽՎ անդամներ միացել են միեւնույն կոչերով փաստաթղթին՝ ,,Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի,, գրավոր հռչակագրին: Մենք ողջունում ենք մեր գործընկերներին, ովքեր միացել են հռչակագրին, եւ երախտապարտ կլինենք բոլոր նրանց, ովքեր ստորագրեն փաստաթղթի տակ:
Ո՞վ, եթե ոչ մենք, իբրեւ ժողովրդի ընտրյալներ ու ներկայացուցիչներ, պարտավոր ենք քաղաքակրթական արժեքները պաշտպանել՝ պաշտպանելով մարդու իրավունքները , հետեւաբար եւ՝ մարդկության ապրելու իրավունքը»: