Հայոց ցեղասպանության կրթության լայնածավալ միջոցառումներ են կազմակերպվել ԱՄՆ նահանգներում

Միացյալ Նահանգների Կալիֆորնիայի, Մասաչուսեթսի և Միչիգանի նահանգներում կազմակերպվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված մի շարք ուսուցողական միջոցառումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՄՆ-ում հրապարակվող The Armenian reporter պարբերականը, Ցեղասպանության պատմության կրթության նախագիծի (GenEd) շրջանականերում կազմակերպված սեմինարները և կրթական այլ միջոցառումները մեկնարկել են տարեսկզբից:
Միջոցառումների շարքի նպատակն է կրթությունը ներկայացնել որպես ցեղասպանության կանխարգելման և ոգեկոչման ամենաարդյունավետ միջոց: «Կրթության օր» սեմինարի շրջանականերում ամերիկացի աշակերտներն այցելել են Սան Ֆրանցիսկոյի Հոլոքոստի կենտրոն, ուր նրանց է ներկայացվել Մուսա լեռան ինքնապաշտպանությունը: Ինչպես հաղորդում է պարբերականը, յուրաքանչյուր տարի մարտի 17-ին ամերիկացի աշակերտները մասնակցում են ինտերակտիվ սեմինարների, որոնց շնորհիվ ավելի խորը գիտելիքներ են ստանում Հոլոքոսթի և այլ ցեղասպանությունների մասին: Այս տարվա սեմինարին մասնակցել են ավելի քան 600 աշակերտներ Կալիֆորնիայի 101 դպրոցներից: Իսկ Սան Ֆրանցիսկոյի Լիք-Ուիլմերդինգ ավագ դպրոցի աշակերտները` «Ցեղասպանություն և մարդկային վարքագիծ» կամընտրական դասընթցի շրջանակներում, ծանոթացել են Ռոքսան Մակասջյանի հետ, ով ներկայացրել է Հայոց ցեղասպանությունը վերապրած տատիկի ու պապիկի պատմությունը: «Երեխաներին շատ էր դուր եկել զրույցը, նրանց կարծիքով դա օգտակար և հետաքրքիր էր»,- հաղորդել է պատմություն ուսուցչուհի Մերի Ֆինը:
Ծրագրի շրջանակներում ուսուցողական սեմինարներ են կազմակերպվել նաև ուսուցիչների համար: GenEd աշխատանքային խմբի Ռոդ Այլենդի մասնաճյուղի կամավորներ Փոլին Գեցոյանը և Էսթեր Քալաջյանը ապրիլի 10-ին սերմինար էին պատրաստել ուսուցիչների համար: Բացի դրանից, Կրթական աշխատանքները զուգակցվել են նաև ոգեկոչման և հիշատակի արարողությունների հետ:
Միչիգանի ամերկահայ ակտիվիստների նախաձեռնությամբ մինչ օրս սեմինարներ են հրավիրել Օակլանդի, Մաքոմբի և Ուեյնի կոմսություններում, որոնց մասնակցել են Միչիգան նահանգի 175 ուսուցիչներ: