«The Huffington Post». Հայոց ցեղասպանության ժխտումը դաժանացնում է աշխարհը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Երուսաղեմի Վան Լիրի անվան ինստիտուտի գիտաշխատող Շտեֆան Իրիգի՝ «The Huffington Post»-ում հրապարակված հոդվածը:
Ես երեւակայական կրտսեր հայ քույր ունեմ: Նա 4.5 տարեկան է: Չափազանց շատ է խոսում, հեշտությամբ շեղվում է, ինձ համար անհասկանալի պատճառներով` չամիչով թխվածքաբլիթ չի սիրում, եւ ինձ համար ավելի անհասկանալի պատճառներով՝ 1916 թվականի սկզբին մահացել է: Ոչ ոք նրա գլխին ատրճանակ չի ուղղել եւ ոչ ոք մահապատժի չի ենթարկել: Նրա ծնողները սպանվել են, եւ նա պարզապես զրկվել է սննդից, խնամքից եւ ապաստանից: Նա պարզապես մարել է: Չեմ կարողանում ուշքի գալ նրա մահից եւ տառապանքներից, նույնիսկ եթե շատ եմ ցանկանում ու եթե անգամ անհրաժեշտ է: Ես պետք է հիշել նրան եւ հարգել նրա հիշատակը, նրա կյանքն ու մահը:
Խնդիրն այն է, որ չեմ կարող հասնել այնտեղ, որտեղ կարող եմ լաց լինել նրա համար, քանի որ իմ կրտսեր հայ քույրը նորից ու նորից է մահանում: Մենք եւ մեր հայ քույրը մնացել ենք 1915-1916 թվականներում: Թուրքական ժխտողականությունը (եւ նրա միջազգային օգնականները) նրան կամ մեզ թույլ չեն տալիս հանգստանալ: Թուրքական ժխտողականությունն ասում է. «Նա, հավանաբար, չի մահացել: Դե, գուցե նաեւ մահացել է, բայց դա տեղի է ունեցել նրա մեղքով, քանի որ հայերը պետության դեմ բացահայտ ապստամբություն սկսեցին»: Կարծես, հետաքրքիր պատերազմ է եղել, եթե 4 տարեկան երեխաներն ու տարեցները սպառնացել են ժամանակին ամենահզոր կայսրության գոյությանը, այնքան, որ ճիշտ են համարել «ինքնապաշտպանության» նպատակով սպանել նրանց:
Որոշ գիտնականներ պնդում են, որ ժխտումը ցեղասպանության վերջին փուլն է: Բայց հայերի դեպքում դա գործընթացի անբաժանելի մաս է կազմել: 1915 թվականից աշխարհը բախվում է «ճշմարտության» համար ցավալի պայքարի, մինչդեռ թուրքական ժխտողականությունը շարունակվում է:
Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ II-ի կառավարման տարիների՝ 1894-1896 թվականի սարսափներից հետո, գերմանացի հայտնի հայամետ ակտիվիստ Մարտին Ռադեն խոսում էր այն մասին, թե գերմանական մամուլն ինչպես էր արդարացնում հայերի հանդեպ բռնությունները:
Ռադեի նախազգուշացումից գրեթե 120 տարի անց մենք պետք է մի պահ կանգ առնենք եւ մտածենք այն մասին, թե ցեղասպանության ժխտումն ու դրա արդարացումն ինչպիսի երկարաժամկետ ազդեցություն են ունեցել այդ ժամանակաշրջանը վերապրած մարդկանց սերուդների վրա:
Ամեն անգամ, երբ աշխարհում անվանի որեւէ մեկն օգտագործում է «ցեղասպանություն» բառը, թուրքական ժխտողականությունը պատասխանում է, եւ իմ կրտսեր հայ քույրը պետք է նորից մահանա: Այն բանից հետո, երբ 100 տարի շարունակ մենք մնացել ենք ցեղասպանության այս դժոխային շրջանում, ժամանակն է, որ բոլորս օգտագործենք «ցեղասպանություն» բառը: