Գերմանացի լրագրող. Թուրքիայի արխիվներում կան Հայոց ցեղասպանությունն ապացուցող բոլոր փաստաթղթերը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/Archives-turkuey.jpg)
«Թուրքական արխիվներում կան ահռելի քանակությամբ փաստաթղթեր, որոնք ապացուցում են Հայոց ցեղասպանության իրողությունը»,- Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նկատում է գերմանական «Die Tageszeitung» պարբերականի ստամբուլյան թղթակից Յուրգեն Գոթշլիգը:
Նա այդ ուղղությամբ ուսումնասիրություններ է իրականացնում: Անգամ գիրք է հեղինակել Հայոց ցեղասպանության գործում Գերմանիայի ունեցած դերակատարման մասին: Գոթշլիգին վիճակվել է աշխատել Ստամբուլի օսմանյան և Անկարայի ռազմական արխիվներում:
Կայքի հարցին՝ «Թուրքիայի արխիվներում հնարավո՞ր է գտնել Հայոց ցեղասպանության մասին փաստող վավերաթղթեր, թե՞ արխիվներն արդեն «մաքրված են» նմանատիպ փաստաթղթերից», գերմանացի լրագրողը պատասխանել է. «Ե′վ թուրքական, և′ գերմանական արխիվներում կան ահռելի քանակությամբ փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Հայոց ցեղասպանությունն իսկապես եղել է: Էրդողանը հայերին հրավիրում է արխիվներն ուսումնասիրել, քանի որ ինքն էլ տեղյակ չէ, թե այնտեղ ինչեր կան: Թուրքական արխիվները «մաքրված չեն», ինչպես կարծում են հայերը:
Ըստ Գոթշլիգի` Հայաստանն իզուր է մերժում Թուրքիայի առաջարկը ստեղծել պատմաբանների հանձնաժողով, քանի որ բոլոր փաստերը վկայում են ցեղասպանության իրողության մասին: Բայց նախ և առաջ հայկական կողմը պետք է գտնի համապատասխան մասնագետներ, որովհետև Թուրքիայի այդ շրջանի արխիվներն օսմաներեն են:
«Ես կարծում Էրդողանը վստահ է, որ Հայաստանը պատմաբաններ չի ուղարկի, ուստի շարունակ հայտարարում է, թե իրենց արխիվները բաց են: Բացի այդ նա նույնիսկ չգիտի էլ թե ինչեր կան իրենց արխիվներում»,- ընդգծում է Յուրգեն Գոթշլիգը:
Աստղիկ Իգիթյան
Ermenihaber.am