Երբ «Արի տունը» դառնում է ներշնչանք
«Արի տուն» ծրագրի առաջին փուլի փակման ժամանակ 17-ամյա վիրահայ Հասմիկ Սարգսյանն ասմունքեց իր գրած բանաստեղծությունը: Ահա այն.
Շենացի՛ր դու, ի՛մ Հայաստան,
Բոլոր հայերի դու ապաստան,
Բալիկները քո օտար ափերում
Սրտերից նրանք միշտ ախ են քաշում:
Հզորացի՛ր դու, իմ մա՛յր Հայաստան,
Որպեսզի դառնաս դու մեր ապագան,
Քո լեզվով խոսում, քո հույսով ապրում,
Մեր Հայաստանով միշտ հպարտանում:
Բայց դու կանչի՛ր մեզ, իմ մա՛յր Հայաստան,
Կսպասեմ կանչիդ ամեն մի վայրկյան,
Մայրիկիս նման կանչի´ր՝ արի՛ տուն,
Հողիդ տե՛ր դարձիր, մեռնե՛մ քո հոգուն:
Հասմիկն այս բանաստեղծությունը գրել է այն ժամանակ, երբ իմացել է, որ Հայաստան է գալու.
«4-րդ դասարանից եմ գրում: Բանաստեղծություններս տպագրվում են Վրաստանում լույս տեսնող «Արևիկ» մանկապատանեկան թերթում:
Երբ արդեն գիտեի, որ մասնակցելու եմ «Արի տուն» ծրագրին, ինքնաբերաբար ծնվեց այս բանաստեղծությունը, որը և ցանկացա ասմունքել «Արի տուն» ծրագրի փակման ժամանակ»:
Հասմիկն առաջին անգամ է Հայաստանում.
«Առաջին անգամ եմ իմ հայրենիքում, տպավորություններս շատ լավն են: Մի քանի երիտասարդներով հյուրընկալվել էինք Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում: Հյուրընկալ ընտանիքներում մեզ շատ լավ էինք զգում, շատ ջերմ վերաբերմունքի արժանացանք: Այդ մի քանի օրվա ընթացքում այնքան էինք մտերմացել, որ բաժանվելիս բոլորս արտասվում էինք:
Հայաստանում ամեն ինչ ինձ դուր եկավ՝ բնությունը, մեր Երևանը, մարդկանց վերաբերմունքը: Ամենաշատը հավանեցի Նորավանքը, Գառնին, Գեղարդը, Էջմիածինը»:
Հասմիկին հարցրի՝ Հայաստանում բանաստեղծություն հասցրե՞լ է գրել: Ասաց՝ ո´չ, բայց ներսումս շատ բան է կուտակվել.
«Հայաստանում դեռ բանաստեղծություն չեմ գրել, բայց հոգումս, մտքիս մեջ այնքան բան է կուտակվել, որ այդ ամենն անպայման «դուրս կգա» բանաստեղծությունների տեսքով:
Գիտեք, զգում եմ, որ իմ տանն եմ, չեմ ուզում գնալ:
Ուզում եմ Հայաստանում ապրել, սովորել, լսել, թե ինչպես են ամենուր հայերեն խոսում: Ինչքան էլ մենք այնտեղ՝ մեր տանը, դպրոցում հայերեն ենք խոսում, բայց այստեղ ուրիշ է:
Ինձ հետ տանելու եմ լիքը-լիքը տպավորություններ, սեր, ջերմություն, հայրենասիրություն: Գնալու եմ ու բոլորին պատմելու եմ մեր Հայաստանի մասին, մարդկանց վերաբերմունքի, մեր հող ու ջրի, Երևանի մասին, հայկական երգերի, պարերի, այն ամենի մասին, ինչ տեսա ու սովորեցի այստեղ:
Երբ ավտոբուսով Վրաստանից գալիս էինք, ամեն ինչ շատ սովորական էր, բայց երբ սահմանն անցանք, մի տեսակ փոխվեցի, կարծես տուն էի գնում:
Ու հիմա իմ բոլոր հասակակիցներին ուզում եմ մաղթել, որ տուն վերադառնան. միայն այստեղ՝ հայրենիքում ես զգում, որ դու տանն ես:
Շնորհակալ եմ «Արի տուն» ծրագրին նաև այն բանի համար, որ ինձ տվեց մեծ շրջապատ, ընկերություն, Հայաստանը տեսնելու, մոտիկից ծանոթանալու հնարավորություն, նաև հանդիպում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ»:
Լուսինե Աբրահամյան