«The New York Times». Ֆրանցիսկոս Պապն ակնհայտորեն մտադիր էր արձագանք հրահրել

Վատիկանի դիվանագետները կանխամտածված կերպով զգույշ էին՝ խուսափելով «ցեղասպանություն» եզրույթից, այդ պատճառով, կիրակնօրյա պատարագի ժամանակ, որին ներկա էր նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հավաքվածների առջեւ օգտագործելով այդ բառը՝ Ֆրանցիսկոս Պապն ակնհայտորեն մտադիր էր արձագանք հրահրել: Այս մասին գրել է «The New York Times» պարբերականը՝ մեկնաբանելով ապրիլի 12-ին Վատիկանում մատուցված պատարագին Հռոմի Պապի հայտարարությունը, որում նա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Պարբերականը մեջբերում է Վատիկանի պատմաբան Ալբերտո Մելոնիի խոսքերը, որն ասել է, որ Ֆրանցիսկոսի հայտարարությունը համապատասխանում է նրա խոսելաոճին եւ բոլոր զոհերի հանդեպ համակրանքին:

«Նա որոշեց օգտագործել բառեր, որոնք կիրառում են հայերը, դրանք օգտագործել զոհերի տեսանկյունից: Դա հենց Ֆրանցիսկոսն է»,- ասել է Մելոնին:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայտարարել էր, որ XX դարի առաջին Ցեղասպանությանը ենթարկվել են հայերը՝ իրենց ազգային պատկանելության համար:

Scroll Up