«Դուք գարուն եք անուշ մայրեր»․ միջոցառում՝ նվիրված Ավետման տոնին
Ապրիլի 12-ին Մոսկվայի «Հայորդյաց տանը» կայացավ «Դուք գարուն եք անուշ մայրեր, իսկ մենք գարնան փոքրիկ ծիլեր» խորագրով միջոցառում՝ նվիրված Ավետման տոնին։
Մինչ միջոցառման մեկնարկը, «Հայորդյաց տան» կրտսեր՝Ալվինա Հովհաննիսյանի սաները նկարել էին իրենց մայրիկներին և դրանք ներկայացրել փոքրիկ ցուցահանդեսով, իսկ բուն միջոցառումը մեկնարկեց «հրեշտակների մուտքով», որոնց ուղեկցում էր «Հայորդյաց տան» հոգևոր տեսուչ Տեր Առաքել քահանա Ամիրյանի կինը՝ Մարիամ Կիրակոսյանը․ նա ներկաներին ներկայացրեց Ավետման տոնի խորհուրդն ու նշանակությունը։
Սաներից յուրաքանչյուրը մեծ ոգևորությամբ էր ներկայացնում իրեն տրված բանաստեղծությունը և իր սերն ու նվիրումը փոխանցում մայրիկին։ Նրանց անկեղծությունը և հուզմունքը պարզապես վարակել էր հանդիսատեսին, իսկ ոմանց հուզմունքն ու սիրո ու շնորհակալանքի անկեղծ արցունքները անտարբեր չթողեցին նաև հանդիսատեսին։
Գեղեցիկ պարային համարներով հերթական անգամ փայլեցին Մարգարիտա Գրիգորյանի ղեկավարած «Վարդավառ» պարային համույթի սաները, իսկ միջոցառումն ամբողջական և երգեցիկ դարձրեցին Լենա Բեգլարյանի սաները, ովքեր իրենց գեղեցիկ երաժշտական համարները նվիրեցին ներկա կանանց։
Հանդիսատեսի համար անակնկալ էր նաև երեցկին Լուսինե Մարկոսյանի՝ մայրերին նվիրված բանաստեղծության ներկայացումը։ Հատկանշական է, որ «Դուք գարուն եք անուշ մայրեր, իսկ մենք գարնան փոքրիկ ծիլեր» խորագրով միջոցառման ավարտին Ալվինա Հովհաննիսյանը ներառել էր նաև սաների հայրիկներին․ նրանք իրենց երախտիքի խոսքն ուղղեցին կանանց՝ օտար հողում զավակներին հայ պահելու և, ինչպես իրենք փաստեցին՝ «այդքան համբերատար լինելու» համար։
Միջոցառման ավարտին կրթօջախի ուսուցիչ Աշոտ Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց Ալվինա Հովհաննիսյանին և շնորհավորեց հայ կանանց՝ նշելով, որ «հայ մայրերին բաժին ընկած խաչը կրելը հեշտ չէ, քանի որ նրանց զավակներին է վիճակված ստացած քրիստոնեական դաստիարակությամբ և կրթությամբ հասնել աշխարհում արդարության հաստատմանը՝ Հայկական հարցի լուծմանը»։
Արմինե Կարեյան