Մեր մեծերը. Համո Սահյան – 101
Ապրիլի 14-ը Համո Սահյանի ծննդյան օրն է. մեծ հանճարը 101 տարեկան է: Այս առիթով ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի թղթակից Կարինե Ավագյանի ակնարկը մեծ գրողի մասին:
«Ոչ խոստումներ, ոչ երդում,
Չսպասեք ու չքննեք,
Անվերջ, անշարժ ձեր երթում
Ինձ բացակա չդնեք»:
Հ. Սահյան
Երջանկությունն անսահմանափակ և խիստ անհատական հասկացություն է. մեկը երջանիկ է իր սիրով, մյուսը` դավանանքով, մի երրորդը` ընտանիքով, աշխատանքով, մյուսներն` իրենց առողջությամբ, շատերն էլ, գուցե, հարստությամբ, նյութի հանդեպ տածած պաշտամունքով:
Երջանկություն է նաև ապրել մեծերի կողքին, տեսնել նրանց, շփվել, զրուցել նրանց հետ, սովորել նրանցից… Այս առումով անչափ բախտավոր եմ, քանի որ լրագրողական աշխատանքիս բերումով, երկար ու ձիգ տարիների ընթացքում, հեռուստատեսային գրական հաղորդումներ պատրաստելիս տեսել եմ Հովհաննես Շիրազին, Գևորգ Էմինին, Սիլվա Կապուտիկյանին, Ստեփան Ալաջաջյանին, Հրանտ Մաթևոսյանին, Համո Սահյանին… Հաղորդումներ եմ պատրաստել նրանց մասին, ժամեր ու օրեր անցկացրել նրանց կողքին և ահագնորեն կլանել ժողովրդիս իմաստնացած կաղնեծառերի հնավանդ արմատներից ու թանձր սաղարթներից ճառագող անսահման Լույսը… Երջանկություն է ապրել այդ Լույսի մեջ ամեն օր, ամեն ժամ, ամեն պահ…
… Համո Սահյան… Իմ մտապատկերում, իմ հոգու մեջ Սահյան բանաստեղծը մարմնավորում է հայ ժողովուրդ, Հայաստան, երկինք ու երկիր, հայրենիք, անեղծ բնություն և բոլոր մարդկանց ջերմացնող Արև:
… Որտեղի՞ց եմ լսում մորը կորցրած հորթի բառաչը, ո՞ւր են ինձ տանում կեռումեռ արահետները, որտե՞ղ է բուրում վայրի դաղձը, ո՞ր ակոսում է «պապի դաստակը ցավել ու մանգաղը ձեռքում ընկել…»: Ականջդ կանչի˜, պա´պ, քո արևը հողին բաշխեցիր, քրտինքդ շաղախեցիր հողին ու լույս դարձար: Այսպիսին է հայի նկարագիրը` պապի նման` Աստծո պատկերով ու դրոշմով, որի արտացոլքը տեսա Համո Սահյանի կերպարում ու նրա անզուգական բնապատկերներում:
Փիլիսոփա, նկարիչ, երաժիշտ գրողը կախարդական վրձնով ընթերցողին մի ակնթարթում հասցնում է Գյազբել, Շամշադին` Անտառաբերդ ու քեզ թռչնի նման ազատ ես զգում` հեռո˜ւ-հեռո˜ւ մարդկային քաոսից, քաղաքների ժխորից ու աղմուկից, ցավերից ու դավերից: Մասրենու մի ճյուղ ճանկռտում է դեմքդ, թփի տակից շողշողում է փայլփլուն, հասած մոշը, թթվաշ հոնը սրսռացնում է մարմինդ ու բերանդ ջրով է լցնում, հետո թփուտների միջից լսվում է հին խաշամի խշրտոցը` մոշահավն է, միրհավը, որ զգույշ փոխում է կարմիր տոտիկները, թըրը′խկ, թըրը′խկ` փայտփորիկն է իր հետքը թողնում ծառաբնին, ինչպես չարաճճի տղաներն են իրենց անունները փորագրում ծառերին. անտառում մի հոգեթով համերգ է սկսվում: Մտովի պառկում եմ բացատում` ձեռքերս գլխիս տակ, փակում եմ աչքերս ու վայելում, չէ′, ավելի ճիշտ ըմբոշխնում Արարչագործ պարգևի` բնության բոլոր հրաշքները… Երանի˜ քեզ, բանաստե´ղծ, որ արթմնի ես ըմբոշխնել այդ ամենը և օրհնյալ լինես, որ կարողացել ես թեկուզ մի հյուլեի չափ երջանկություն պարգևել քո տողերով, քո տաղերով, քո անուշ հայրեններով, հետո արևդ բաշխել ես դարերին, ու երանի մեզ, որ բաշխածդ արևի լույսով ու ջերմությամբ քո անտառի խշխշան խաշամի վրայով դեռ պիտի անցնենք, որ գտնենք քո հեքիաթը` «Սարերով լիքը երկինքը, Երկինքով լիքը ձորերը…»:
Սարերով լիքը երկինք,
Երկինքով լիքը ձորեր…
Հասկերի թուխ ստվերում
Թուխս նստած թխլիկ լորեր…
Երկնքում նշխար փնտրող
Երկինքով լի պատանի
Ձորերի ցավը տանի,
Լորերի ցավը տանի…
Լորերի չարը տանի,
Ձորերի չարը տանի,
Եվ տանի… թույլ ուսերին
Իր դաժան դարը տանի:
Իր կանաչ-կանա˜չ գարուններն ու կանաչ-կարմիր աշուններն ապրելով հրճվանքով, երբեմն վշտանալով, տխրություններով ու ուրախություններով, կորուստներով ու ձեռքբերումներով և ամենակարևորը` ներշնչանքով, Համո Սահյան բնապաշտ բանաստեղծն իր ապրած բոլոր տարիների մեջ արժևորել է Արարչագործ բնությունն ու մարդուն նոր գույներով` փորձելով հասկանալ խորհուրդը Վերին և առեղծվածները տիեզերական:
Ինչ որ ասում եմ, ասողն ասել է,
Ասել պրծել է ինձնից առաջ…
Աշխարհն ինձ համար դեռ չասված սեր է,
Սիրո սարսուռ է, սիրո հառաչ:
Կյանքս տանջանք է, տանջանքս երգ է,
Երգս` արձագանքն ամեն կանչի:
Աշխարհն ինձ համար նոր ցանած հերկ է,
Եվ սպասում եմ, որ կանաչի:
Համո Սահյանն իր պոեզիայով մի նոր ու ինքնատիպ էջ բացեց հայ գրականության պատմության մեջ` դառնալով 20-րդ դարավերջի քայլող դասականներից մեկը, ում ներկայությունն իրենց կողքին երջանկություն ունեցան տեսնելու երիտասարդ բանաստեղծներն ու Համո Սահյանի պոեզիայի երկրպագուները: Բանաստեղծն ապրում էր քաղաքի բարձրահարկերից մեկում, բայց հոգով միշտ իր հայրենի բնաշխարհում էր, իր մանկության ու պատանության արահետներում, իր մեծ գերդաստանի հիշողություններում, նրա սիրտը հայրենի լեռներում էր: Գրողի համար հայրենի լեռները երկրի պահապաններն են, պարիսպները, հայոց լեզուն` մեր եղեգան փողը, Հայաստանը` «մի փոշոտված փշատենի, մի հոշոտված խաղողի որթ, մի ծիծեռնակ ու մի կռունկ, մի մենավոր ծիրանի ծառ, երկաթագիր մի մագաղաթ…»:
Մենք ապրելու ենք, ինչ էլ պատահի,
Մեր հողի վրա մե´րն ենք լինելու,
Մեր անտեր գլխի տե´րն ենք լինելու,
Մենք ապրելու ենք, ինչ էլպատահի…
Մեռնում է արդեն դարն այս կատաղի,
Որ մեր պատանքն էր ոխով հինելու…
Մենք ապրելու ենք, ինչ էլ պատահի,
Մեր հողի վրա մե´րն ենք լինելու:
Մեծ բանաստեղծը երկնեց նաև սքանչելի հայրեններ. Քուչակի «100 և 1 հայրեն»-ներից հետո Համո Սահյանի «60 և 1 հայրեն»-ները դարձան 20-րդ դարի ավարտի իմաստախոս պատգամաբերը.
Խղճիդ հետ զրույց արա´
Ամեն օր քնելուց առաջ:
Երկնքի հոնքին նայիր
Աղունդ փռելուց առաջ:
Մի անգամ քեզ ծա′ռ զգա
Կացինդ սրելուց առաջ:
Քուչակի սիրտ ունեցիր
Հայրեններ գրելուց առաջ:
Համո Սահյանը, լինելով խորապես ազգային բանաստեղծ, մշտապես ապրել է հայոց պատմության ելևէջումներով, հայ ժողովրդի ճակատագրով և բոլոր հայերին պատած երազանքը ձևակերպել իր մեծ երազանքի բանաձևումով.
Մայրամուտ, Մասյաց գագաթին
Խարույկդ վառած մեռնեի…
Հավատալով հայ ժողովրդի Արարչագործ ու նախաստեղծ էությանը, Հայկական լեռնաշխարհին` իբրև դրախտավայր, նա պատգամել է «ուրիշ տեղ չփնտրել հայրեններ, ուրիշ տեղ հորովել չփնտրել…», քանի որ «Ուրիշ տեղ ձյունի մեջ արև, Եվ Արևի մեջ այսքան ձյուն չկա…», քանի որ`
Ձյուներդ հայերեն են լալու,
Գարունդ հայերեն է գալու,
Հայերեն են գալու դարերդ: