Հայաստանում ադամանդի արտադրությունը շեշտակիորեն աճել է

Հայաստանի Հանրապետությունում 2013-ի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ադամանդների արտադրության ծավալն աճել է 81 տոկոսով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013-ի հունվար- մայիսին Հայաստանում արտադրվել է 39 հազար 589 կարատ ադամանդ՝ 2012-ի նույն ժամանակահատվածի 21 հազար 878
կարատի դիմաց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2013-ի մայիսին ՀՀ-ում արտադրվել է 7247 կարատ ադամանդ:

2008-ի ֆինանսատնտեսական ճգնաժամը լուրջ հարված էր հասցրել Հայաստանում ադամանադագործության ոլորտին: Եթե 2000 թվականների սկզբներին առկա էր ընդհուպ մինչեւ 300 մլն դոլարի արտահանում, ճգնաժամի տարիներին հայկական ձեռնարկությունները բավական ծանր վիճակում էին, եւ արտահանումը զգալիորեն նվազել էր: 2011-ին արդեն ոլորտը ոչ միայն դուրս է եկել ճգնաժամից, այլեւ ավելացնում է իր ծավալները (9 ամսում արտահանվել է 85 մլն դոլարի ադամանդ): Ռուսական «Ալռոսա» ընկերության հետ պայմանավորվածություններից հետո 2009 թ. դեկտեմբերից Հայաստանը ձեռք է բերել ադամանդագործական հումքի մատակարարման կայուն աղբյուր:

2012-ին ՀՀ-ից արտահանվել է 135 հազար 900 կարատ ադամանդ: 2013-ի առաջին եռամսյակում ՀՀ-ից արտահանվել է 67 հազար 300 կարատ ադամանդ՝ 24 միլիոն 400 հազար դոլարից ավելի ընդհանուր մաքսային արժեքով: 2013-ի առաջին եռամսյակում ՀՀ-ից արտահանված ադամանդի խոշորագույն գնորդներն են Բելգիան, Չինաստանն ու Ռուսաստանը:

Scroll Up