Էդվարդ Նալբանդյան. Ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչելու ենք «Այլևս երբեք» կարգախոսի ներքո

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Միջազգային կյանք» հանդեսին: Հարցազրույցի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է այդ իրադարձությունը այսօր ընկալվում Հայաստանի քաղաքացիների կողմից, և ինչպես է արտացոլվում Հայաստանի՝ իր անմիջական հարևանների հանդեպ վարվող արտաքին քաղաքականության վրա: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն: Էդվարդ Նալբանդյանի անդրադարձը ներկայացնում ենք ստորև.

«Այս տարի Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում նշվելու է Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նախատեսված են հազարավոր միջոցառումներ: Դրանք անցկացվելու են չորս հիմնական ուղղություններով: Առաջին հերթին դա հարգանքի տուրքն է Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայ առաքելական եկեղեցին պատրաստվում է սրբադասել Հայոց ցեղասպանության զոհերին:

Երկրորդ ուղղությունը երախտագիտությունն է նրանց, ովքեր ծանր փորձությունների պահերին օգնության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Իսկ այդպիսի երկրներ, ժողովուրդներ շատ են: Հայ ժողովուրդը միայնակ չմնաց: 100-րդ տարելիցը առիթ է՝ ևս մեկ անգամ երախտիքի խոսք ասելու:

Երրորդ ուղղությունը ջանքերն են՝ ուղղված նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանը: Դա կարևոր է ոչ միայն Հայաստանի, հայ ժողովրդի համար, այլև՝ ողջ միջազգային հանրության:

Եթե Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ մարդկության դեմ իրականացված հանցագործությունը պատշաճ կերպով դատապարտվեր, ապա հնարավոր կլիներ կանխարգելել հետագայում, այդ թվում՝ Երկրորդ աշխարհամարտի քողի տակ և դրանից հետո իրականացված մարդկության դեմ հանցագործությունները:

Եվ վերջին` չորրորդ ուղղությունը, վերածնունդն է: Հայ ժողովուրդը ոչ միայն վերապրեց Ցեղասպանությունը, այլև կարողացավ վերածնվել: Մենք կարողացանք վերակերտել մեր պետականությունը, մեր անկախությունը, վերածնել մշակույթը, գիտությունը: Վերածնունդը տեղի ունեցավ ոչ միայն Հայաստանում: Հայերը կարողացան ստեղծել իրենց օջախները աշխարհի շատ երկրներում, նպաստել և շարունակում են իրենց ներդրումը բերել այդ երկրների զարգացմանը:

Մենք՝ միջազգային հանրության հետ միասին, ոգեկոչելու ենք Ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ «Այլևս երբեք» կարգախոսի ներքո:

Ակնհայտ է, որ ցեղասպանությունը ծանրագույն միջազգային հանցագործություն է: Հայաստանը իր հնարավորությունների չափով իր ներդրումն է բերում միջազգային հանրության ջանքերին՝ կանխելու նման հանցագործությունները:

Դա իրականացվում է միջազգային կազմակերպությունների, խորհրդարանական վեհաժողովների, միջազգային համաժողովների, այլ ձևաչափերի շրջանակներում: Որպես օրինակ կարող եմ բերել «Ցեղասպանության կանխարգելման» բանաձևի նախագիծը, որը Հայաստանի կողմից ներկայացվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանի հաստատմանը:

Երկու տարի առաջ՝ 2013թ., Հայաստանը նախաձեռնել էր նմանատիպ բանաձև, որը ընդունվել էր կոնսենսուսով: Այն ժամանակ որպես համահեղինակ մեզ միացան 61 երկրներ: Հուսով եմ՝ այս անգամ էլ այն կընդունվի կոնսենսուսով և համահեղինակ պետությունների ոչ պակաս թվով:

Այս տարվա մարտ ամսին Եվրոպական խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին կոչ արեց ԵՄ բոլոր անդամ երկրներին ճանաչել Ցեղասպանությունը, ինչպես նաև կոչով դիմեց ԵՄ պետություններին և կառույցներին՝ նպաստելու Ցեղասպանության հետագա ճանաչմանը:

Համապատասխան հայտարարության ընդունում նախատեսվում է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Այսպիսի օրինակների ցանկը կարելի է շարունակել:

Աշխարհասփյուռ հայերը համակարծիք են, որ Ցեղասպանությունը պետք է դատապարտվի ողջ միջազգային հանրության կողմից, բոլոր նրանց կողմից, ովքեր իրենց քաղաքակիրթ աշխարհի մասն են համարում և կիսում են համամարդկային արժեքները:

Երբ Դուք հարցնում եք՝ ինչպես է Ցեղասպանությունը ազդում անմիջական հարևանների հանդեպ Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության վրա, ես հասկանում եմ, որ Դուք նկատի ունեք Թուրքիան:

2008թ. Հայաստանի Նախագահի նախաձեռնությամբ մենք Թուրքիայի հետ բանակցություններ սկսեցինք՝ հարաբերությունների կարգավորման նպատակով, որոնց արդյունքում 2009թ. Ցյուրիխում ստորագրեցինք երկու արձանագրություն՝ սահմանի բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ կապերի զարգացման վերաբերյալ: Բայց անցած վեց տարիները ցույց տվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում քաղաքական կամքի բացակայությունը Թուրքիայի ղեկավարության մոտ, ովքեր վերադարձան նախապայմանների լեզվին: Ավելին, Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության կեղծման քաղաքականությունը:

Անցյալ տարվա օգոստոսին Անկարայում ես Նախագահ Էրդողանին փոխանցեցի Նախագահ Սարգսյանի հրավերը՝ մասնակցելու Երևանում 2015թ. ապրիլի 24-ի միջոցառումներին: Ցավոք, մեր հրավերը մնաց անպատասխան՝ դառնալով Թուրքիայի ղեկավարության համար հերթական կորսված հնարավորությունը»:

Scroll Up