Կիպրոսի խորհրդարանում ապրիլի 2-­ին քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Հինգշաբթի` ապրիլի 2­ին, Կիպրոսի ժամանակով ժամը 11­-ին այդ երկրի խորհրդարանում կկայանա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը:

Ինչպես «Արմենպրես»-­ին փոխանցեցին Կիպրոսի իր հավաստի աղբյուրները, օրինագիծը պատիժ է նախատեսում այն անձանց համար, ովքեր կժխտեն ցեղասպանությունները, պատերազմական ժամանակաշրջանում եւ մարդկության դեմ հանցագործությունները: Օրինագիծը, որ խորհրդարան է ներկայացրել կիպրահայ համայնքի ներկայացուցիչը, քրեական պատասխանատվություն է պահանջում կատարված բոլոր ցեղասպանությունների ժխտման ժամանակ:

Աթենքում հրատարակվող «Ազատ օր» պարբերականի փոխանցմամբ` Կիպրոսի խորհրդարանի նախագահ Յանաքիս Օմիրուն բանաձեւի ջերմ զորակիցն է եւ բանաձեւի ընդունման կարեւորության մասին խոսել էր դեռեւս նախորդ տարի նոյեմբերին Երեւան այցելության ժամանակ:

Կիպրական cyprus­mail.com կայքը գրում է, որ մարտի 30-­ին խորհրդարանում կայացել են բուռն քննարկումներ օրինագծի առնչությամբ: Խորհրդարանականների մի մասը պահանջում է, որ քրեական պատասխանատվություն պահանջվի այն ցեղասպանությունների հանդեպ, որոնք ճանաչվել են միջազգային հանրության եւ միջազգային դատարանի կողմից, մինչդեռ խորհրդարանի նախագահը ցանկանում է օրինագծում փոփոխություն մտցնել, որպեսզի քրեական պատասխանատվություն պահանջվի ոչ միայն միջազգային դատարանի, այլեւ Կիպրոսի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունների նկատմամբ: Եթե օրինագիծը ընդունվի, ապա ցեղասպանության ժխտողները կպատժվեն հինգ տարվա ազատազրկմամբ եւ կվճարեն տուգանք 10000 եվրոյի չափով: Եթե Կիպրոսի խորհրդարանը կողմ քվեարկի բանաձեւին, ապա կդառնա Եվրոպայում 4­րդ պետությունը Հունաստանից, Սլովակիայից եւ Շվեյցարայից հետո, որ կքրեականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը: Կիպրոսն առաջին եվրոպական եւ երկրորդ պետությունն է աշխարհում Ուրուգվայից հետո, որ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Կիպրոսի ներկայացուցիչների պալատը 1975թ. ապրիլի 24­-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձեւը:

Scroll Up