ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի ընտանիքին, բարեկամներին, արվեստասեր հասարակությանը
Խոր ցավով տեղեկացանք թատրոնի և կինոյի մեծագույն դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի մահվան մասին:
Կարեն Ջանիբեկյանը հայ ժողովրդի տաղանդն ու մեծությունը մարմնավորող անձանցից էր, ով իր ողջ կյանքը նվիրաբերեց արվեստին՝ վաստակելով մեր ժողովրդի սերն ու համակրանքը: Եվ այսօր նրա անունը ձգվում է դեպի հավիտենություն: Դրա վկայությունն են նրա թողած ժառանգությունը, կերտած բազմապիսի կերպարները, որոնք գունեղ են, խոսուն և լուսավոր, որոնք ընդգծում են մարդու հոգեկան պոռթկումները, ոգևորումն ու հիասթափությունը, սերն ու ատելությունը, հավատն ու հուսահատությունը, սպասելիքն ու կորուստը:
Ժառանգելով իր հոր՝ տաղանդավոր դերասան Գուրգեն Ջանիբեկյանի դերասանական ձիրքը՝ նա մշտապես առանձնանում էր որպես ինքնատիպ դերասան: Թե՛ կինոյում, թե՛ թատրոնում նրա մարմնավորած բոլոր դերերը լի են կյանքով, ջերմությամբ և գեղարվեստական բացառիկ հմայքով:
Կարեն Ջանիբեկյանի կերտած կերպարներն իրենց հայեցիությամբ տիպական, ընկալելի ու սիրելի են ոչ միայն հայաստանցիների, այլև ողջ Սփյուռքի համար:
ՀՀ սփյուռքի նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ջանիբեկյան ընտանիքին այս անդառնալի կորստի կապակցությամբ:
Համբերություն, ուժ և կամք` սփոփելու ձեր խորը վիշտը:
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ