Լիբանանցի երգչուհին Ազնավուրի երգի կատարումը նվիրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
Լիբանանցի երգչուհի Պասկալ Սաքրը կատարել է Շարլ Ազնավուրի «Նրանք ընկան» («Իլ Սոն Թոնպէ») ֆրանսերեն երգը: Այս մասին հայտնում է «Ազդակ»-ը:
«Հայոց ցեղասպանության 100ամյակի առիթով ցանկացա իմ ցավն, արցունքներն ու ցասումն արտահայտել», լիբանանյան լրատվական գործակալությանը հայտարարել է երգչուհին: Նախորդ տարի ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը Facebook սոցիալական ցանցով տարածել էր «Նրանք ընկան» երգը և գրել. «Այսօր՝ ապրիլի 24ին, Հայոց ցեղասպանության 99րդ տարելիցն է։ Այս երգը գրվել է 1975 թվականին Շառլ Ազնավուրի և Ջորջ Գարվարենցի կողմից՝ 60րդ տարելիցի կապակցությամբ»: Հանրահայտ Շառլ Ազնավուրը մտադիր է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգով հանդես գալ Վատիկանում: Ըստ տեղեկությունների՝ Ազնավուրը մարտի 18ին ներկա է գտնվելու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ընդունելությանը, որտեղ մտադիր է նրա հետ խոսել համերգի մասին: