Տրիպոլիի հայ համայնքին վտանգ չի սպառնում. բանակը վերահսկում է իրավիճակը

Հարավային Լիբանանում բանակը իր վերահսկողությունը տարածել է եւ գրավել է զինյալների կենտրոնները։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: «Ճանապարհ փակելու մանր միջադեպեր են եղել Բեյրութի որոշ թաղամասերում, բայց ընդհանուր առմամբ կայուն է իրավիճակը։ Իսկ Տրիպոլիում մենք նոր կապ հաստատեցինք տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք ասացին, որ ավելի հանգիստ է այսօր»,-ասաց Քանդահարյանը՝ հավելելով, որ զինյալներ չեն երեւում եւ կրակոցներ չեն լսվում։ Նրա խոսքով՝ վաճառատները վերաբացվել են. «Թվում է, որ կյանքը վերադառնում է բնականոն հուն»։
Լիբանանում տեղի ունեցող բախումների հետեւանքով հայկական համայնքը չի տուժել: Այնտեղ հունիսի 23-ի հետմիջորեին Հարավային Լիբանանի Սայդա քաղաքում ստեղծվել էր պատերազմական իրավիճակ, երբ իսլամական խմբավորումներից տարրեր հարձակվել էին լիբանանյան բանակի վրա. բանակը տվել էր զոհեր եւ վիրավորներ: Զինված իսլամիստները հունիսի 24-ից տների տանիքներից դիպուկահար կրակ են բացում Սայդայի՝ Լիբանանի հարավային մայրաքաղաքի փողոցների վրա: Բեյրութից 40 կիլոմետր դեպի հարավ գտնվող նավահանգստային քաղաքի կյանքը կազմալուծված Է ռազմական գործողությունների պատճառով. խանութների շարքերը դատարկվել են, փողոցներն ամայի են, քննարշրջանի ամենաեռուն
պահին փակ Է տեղի համալսարանը: