Նիդերլանդների թագավորության հայկական կիրակնօրյա դպրոցների Հարթակի հավաքատեղին Մաստրիխտն էր
Նիդերլանդների թագավորության հայկական կիրակնօրյա դպրոցների ներկայացուցիչների մասնագիտական ժողով-հավաքները պարբերական բնույթ են կրում: Այն միտված է խթանելու նիդերլանդահայ համայնքներում նոր սերնդի կրթությանն ու հայեցի դաստիարակմանը, աշխատանքային մասնագիտական փորձի փոխանակման ընդլայնմանը: Համատեղ կրթական այս ծրագիրն ունի «Հարթակ» անվանումը, այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Նիդերլանդական Օրագիր:
Այս անգամվա Հարթակի հավաքատեղին 2014-2015 թ ուսումնական տարվա նախագահությունը ստանձնած Մաստրիխտ քաղաքն էր, որը ստանձնել էր հյուրընկալողի պատիվը:
Հարթակի ժողովին տանտերերից բացի մասնակցում էին Ալմելոյից, Նայմեխենից, Վեստերֆորդից և Ամստերդամից ժամանած դպրոցների տնօրեններ, մանկավարժական կոլեկտիվների ուսուցիչներ: Ժողովը բացեց և ողջույնի խոսք ասաց «Անի» հայ համայնքի և Սուրբ կարապետ» եկեղեցու ծխական խորհրդի նախագահ Լևոն Սարգիսը, այնուհետև Հարթակի հիմնադիր, տիկին Սվետա Աբրահամյանը հակիրճ ներկայացրեց «Հարթակ»-ի գաղափարի ստեղծման նախապատմությունը,նպատակները, առայսօր կատարված աշխատանքները:
Մասնակիցները հակիրճ ներկայացրեցին մայր հայրենիքում և սփյուռքում իրենց ծավալած աշխատանքային գործունեությունն ու փորձը, որից հետո օրակարգում մասնագիտական հարցերի ծավալուն քննարկումն էր: Հայոց լեզվի ուսումնասիրման, վերլուծության և մատուցման մեթոդիկայի մասին դասախոսություններով հանդես եկան Նայմեխենի դպրոցի մայրենի լեզվի ուսուցչուհիներ Թինա Մաթևոսյանը, Նարինե Մելքոնյանը, Մաստրիխտի դպրոցի ուսուցիչ Արտակ Մանուկյանը: Քննարկվող նյութերի շուրջ իրենց հարուստ փորձով ու գիտելիքներով կիսվեցին Ալմելոյի դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյանը և Հարթակի հիմնադիրը’ Նայմեխենի հայ համայնքի ղեկավար, տիկին Սվետա Աբրահամյանը:
Ծավալված մտքերի փոխանակմանը մասնակցեցին նաև Պերճ Ասատուրեանը (Մաստրիխտ),Անժելա Անդրեսյանը,Սեդա Գրիգորյանը(Ալմելո),Վալենտին Խաչիկյանը(Վեստերֆորդ), որպես դիտորդներ Ամստերդամի դպրոցի ուսուցչուհիներ Անուշ Շահբազյանն ու Ալիսա Մովսեսյանը:
Նիդերլանդների կիրակնօրյա դպրոցների մանկավարժների ժողովն անրադարձավ Հարթակի կանոնադրական որոշ հարցերի:Քննարկումների արդյունքում ՝որոշակի լրացումների և փոփոխությունների արդյունքում, վերջնական տեսքի բերվեց Հարթակի կանոնակարգը, թեև գործնականում միշտ էլ հնարավոր կլինի հետագա քննարկումներում կատարելագործել այն:
Ժողովի ավարտին,նախագահող Արտակ Մանուկյանի առաջարկությամբ ընդունվեց հուլիս ամսին Նիդերլանդների թագավորության հայկական կիրակնօրյա դպրոցների աշակերտների մասնակցությամբ Եղեռնի հարյուրամյակին նվիրված միջոցառման անցկացման ծրագիրը՝«ՄԵՐ ԱՐՅԱՆ ԳԻՆԸ» խորագրով:
Հավանության արժանացավ նաև ապագայում երգի և ստեղծագործական փառատոնների անցկացման գաղափարը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակական և փոխադարձ կապի պահպանման,միմյանց հետ նյութերի և դպրոցական ծրագրերի փոխանակման սկզբունքի վերաբերյալ:
Վերջում ժողովի մասնակիցները միմյանց հայակրթման գործընթացում հետագա հաջողություններ մաղթեցին, ՝ շրջայց կատարեցին «Սուրբ Կարապետ» եկեղեցու հյուրընկալ սրահում և հրաժեշտից առաջ լուսանկարվեցին: