«Բելգիական պարբերական». Թուրքիան Ցեղասպանությունը սկսեց անմարտունակության սարսափից
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/03/logo.png)
100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում սկսվեց Հայերի ցեղասպանությունը: 1915 թվականին կայսրության իշխանությունները կարգադրեցին հայերին արտաքսել այն ժամանակ օսմանյան գավառ Սիրիա: Այնտեղ հարյուր հազարավոր մարդիկ նահատակվեցին: Անցյալ տարի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց. «Մեր պարտականությունն է՝ հիշել այդ ժողովրդի տառապանքները»: Այս մասին գրում է բելգիական Mondial Nieuws պարբերականը (հոդվածի թարգմանության մեջ պահպանված են բնօրինակի չակերտները – խմբ.):
«2014 թվականին Բելգիան նշեց Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակը, իսկ 2015 թվականին Հայաստանը նշում է իր պատմության ամենամեծ ողբերգության 100-րդ տարելիցը: Հայաստանը նշում է ավելի քան 1.5 մլն զոհերի մասին, իսկ Թուրքիան՝ «ընդամենը» 200-500 հազար զոհի,գրում է News.am-ը:
Հայոց ցեղասպանությունը դժվար նախապատմություն ունի: Պատերազմի, Հոլոքոստի եւ Ցեղասպանության հետազոտությունների նիդեռլանդական ինստիտուտից (NIOD) հետազոտող Ուգուր Ումիթ Ունգորը նշում է, որ Հայոց ցեղասպանության համար երեք պատճառ կար. 1912-1913 թ.թ. Բալկաններում տարածքների կորուստ, 1913 թվականի երիտթուրքերի հեղաշրջում եւ 1914 թվականին Առաջին աշխարհամարտի սկիզբ:
«Բալկաններում կարեւոր քաղաքների, գույքի եւ կյանքերի կորուստը, բանակի անմարտունակությունից սարսափն անտանելի էին օսմանյան վերնախավի համար»,- գրում է Ումիթ Ունգորը:
Ըստ Ունգորի, 1915 թվականի հունվարից հայերը «քավության նոխազ» դարձան Օսմանյան Թուրքիայի համար. Սարիղամիշում ռուսական բանակից կրած պատմության մեջ Թուրքիան մեղադրեց հայերին: Կայսրության առաջնորդներից մեկը՝ Էնվեր փաշան, հայտարարեց «հայերի դավաճանության» մասին:
«Քարոզչությունն ու ապատեղեկատվությունը նախ հանգեցրին հայ արդյունաբերողների ապրանքների բոյկոտին, սակայն շուտով իրադրությունը սրվեց: Ապրիլի 24-ին հայկական պարբերականները փակվեցին, իսկ հայկական վերնախավը զանգվածաբար ձերբակալվեց: Քանի որ ռազմաճակատում իրավիճակն անհույս էր, որոշեցին հայերի դատավճռի հարցում չհապաղել»,- գրում է նիդեռլանդա-թուրքական հետազոտողը:
Մինչ օրս Հայոց ցեղասպանության հարցը դուրս չի գալիս միջազգային քաղաքականության օրակարգից: «Թուրքերը չեն հերքում տեղահանման ժամանակ զոհերի փաստը, բայց չեն խոսում ցեղասպանության մասին: Հայերը կարծում են, որ դա ցեղասպանություն էր, Օսմանյան կայսրության հայ ազգաբնակչության վերացում»,- հայտարարում է Բելգիայի Լուվենի կաթոլիկ համալսարանի՝ Գերմանիայի միջազգային քաղաքականության եւ պատմության պրոֆեսոր Դիրք Ռոխտուսը:
«Թուրքերը վախենում են ճանաչել. դա կնշանակի, որ նրանց նախնիների ձեռքերը թաթախված են արյունով: Նաեւ փոխհատուցման հարց կա: Չէ՞ որ հայերը թողել են իրենց տներն ու հողերը: Այնպես որ՝ այստեղ դեր ունեն ե՛ւ բարոյական, ե՛ւ նյութական ասպեկտները: Ահա թե ինչու են «ցեղասպանություն» բառի համար այդպիսի պայքար մղում»,- նշում է Ռոխտուսը:
Բազմաթիվ պետություններ եւ միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այդ թվում՝ Ֆրանսիան եւ Բելգիան: Դրան Թուրքիան արձագանքում է պատժամիջոցներով: «Օրինակ՝ թուրքական կառավարությունը ճանաչումից հետո խզեց Ֆրանսիայի հետ տնտեսական հարաբերությունները: Պետք չէ մոռանալ, որ տնտեսական լծակները շատ բան են որոշում: Ոչ բոլորը կցանկանան փչացնել Թուրքիայի հետ առեւտրային հարաբերությունները»,- ընդգծում է պրոֆեսոր Ռոխտուսը:
Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը Շվեյցարիայում հանդես եկավ Հայոց ցեղասպանության ժխտմամբ: Սակայն Ցեղասպանության ժխտման համար Փերինչեքի պատիժը չեղյալ հայտարարվեց՝ համարվելով խոսքի ազատության խախտում: Ըստ ամերիկյան Time շաբաթաթերթի, Ամալ Քլունին պայքարում է Հայաստանի կառավարության կողմից: Հայոց ցեղասպանությունը կրկին հայտնվեց համաշխարհային մամուլի առաջին էջերում: Ընդ որում, ոչ թե Քլունիի հետ աստղային ամուսնության շնորհիվ, այլ անցյալ ցեղասպանությունների մասին եվրոպական օրենքների պաշտպանության»: