Մարդասիրական օգնություն սիրիահայ կարիքավոր ընտանիքներին
«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում Հայաստանում ապաստանած սիրիահայ կարիքավոր ընտանիքներին բաշխվեց հերթական մարդասիրական օգնությունը: Վաթսուն սիրիահայ ընտանիքների բաժանվեցին ծածկոցներ, կոշիկներ, գրենական պիտույքների և հիգիենիկ պարագաների փաթեթներ:
«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն ի վիճակի եղավ կյանքի կոչել վերոհիշյալ մարդասիրական օգնությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության շնորհիվ` ի դեմս տնօրեն Հայր Իսահակ վարդապետ Պողոսյանի:
Այս օգնությունը ևս մեկ անգամ ջերմություն հաղորդեց Մայր Հայրենիքում ապաստանած սիրիահայ կարիքավոր ընտանիքներին:
«ՀԱԼԷՊ» հայենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության գործադիր մարմինը շնորհակալությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայությանը՝ կազմակերպության գործունեությանն ուշադրություն դարձնելու և սիրիահայ կարիքավոր ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար:
Հիշեցնենք` «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը 2013թ-ին հիմնադրվելով Հայաստանում` օգնություն է տրամադրում Հայաստանում ապաստանած առավել խոցելի սիրիացի ընտանիքներին` տրամադրելով պարենի և հագուստի փաթեթներ, մշակում և իրականացնում է տևական ծրագրեր, որոնք դյուրացնում են հայրենիքում բնակվող սիրիացիների բնակեցման և ինտեգրման գործընթացները: