Ուրուգվայում լույս է տեսել փաստաբան Օսկար Լոպես Գոլդարասենայի՝ «Հայոց մշակութային ցեղասպանություն» գիրքը

Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի նախաշեմին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում լույս է տեսել մարդու իրավունքների պաշտպան, փաստաբան, գրող և քաղաքական գործիչ Օսկար Լոպես Գոլդարասենայի նոր գիրքը` «Հայոց մշակութային ցեղասպանություն» խորագրով: Խոսելով Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության, զանգվածային կոտորածների և տեղահանության մասին` ուրուգվայցի գործիչը կարևորել է «մշակութային ցեղասպանության» ընդունումը՝ որպես միջազգային հանցագործություն, որը կատարվում է «խմբի կամ դրա որոշակի անդամներ նկատմամբ` ազդելով նրանց կենսակերպի վրա և խմբի անդամներին ոչնչացնելու նպատակով»:
Ինչպես հայտնում է Tert.am-ը, գիրքը նվիրված է «մշակութային ցեղասպանություն» հասկացության սահմանմանն ու վերլուծությանը` որպես առանձին կատեգորիա, ինչպես նաև՝ անդրադառնում է դրա հետևանքներին` իրավական տեսանկյունից:
124 էջանոց գիրքը հրապարակվել է Ուրուգվայի Տեղեկատվության պետական կենտրոնի կողմից` Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատության ու Ուրուգվայի Հայ դատի խորհրդի հովանավորությամբ:
Միևնույն ժամանակ՝ Օսկար Լոպես Գոլդարասենան, ով մասնագիտանում է մարդու իրավունքների հարցում, դիտարկել է Հայոց ցեղասպանության հարցը` որոշակի բնորոշումներ տալով և անդրադառնալով դրանից բխող պարտավորություններին: Գոլդարասենան մեկնաբանել է, որ հարցը միայն մշակութային կոթողներ այցելելը չէ, դրանք պետք է վերականգնել և վերադարձնել այն կորցրած ժողովրդին: «Հայոց մշակութային ցեղասպանությունը շարունակվում է իրագործվել, շարունակվում են գործողություններ իրականացվել, որոնք հակասում են միջազգային իրավունքին, և հայ ժողովուրդն իրավունք ունի պահանջելու, որ ագրեսոր երկիրն ընդունի, որ Ցեղասպանություն է եղել, քանի որ այն հերքելը ևս ոտնձգություն է ոչ նյութական ժառանգության հանդեպ», – հավելել է ուրուգվայցի գրողը: