Ավարտվեց Դոնի Ռոստովի «Հայկական մշակույթ» միավորման առաջին ուսումնական տարին

Այդ կապակցությամբ Մատվեեվ- Կուրգանի «Երեխաների լրացուցիչ կրթության կենտրոնում» օրերս անցկացվեց հանդիսավոր միջոցառում: Այդ օրը Ռոստովի մարզի (Ռուսաստան) առաջին կարգի հիշյալ կրթարանի հարկի տակ էին հավաքվել  հայազգի դպրոցականներ, ծնողներ, տեղաբնակ բազմաթիվ հայեր: Տոնականորեն զարդարված  Կենտրոնի դահլիճում հանդիսության մասնակիցներին դիմավորեցին «Հայոց Եռագույն»-ը, «Վեհափառ Արարատն» ու «Մեսրոպ Մաշտոց»-ը՝ իր 36 անպարտելի զինվորներով՝ միաբանված օրվա կարգախոսի ներքո.

                                           Սովորե՛նք հայերեն

                                           Ապրե՛նք հայերեն

DSC04214

DSC04220

Ողջունելով ներկաներին՝  մանկավարժ, լրագրող Դոնարա Զուռնաչյանն իր խոսքում մասնավորպես նշեց. «Ուրախ ենք զեկուցելու, որ «Հայկական մշակույթ» միավորման առաջին  ուսումնական տարվա ընթացքում 18 հայազգի տարբեր տարիքի դպրոցականներ սովորեցին գրել և կարդալ հայերեն, ինչպես նաև  ծանոթացան հայոց պատմության որոշ դրվագների, ազգային ծեսերի և ավանդույթների հետ, մասնակցեցին տարբեր միջոցառումների: Մեկնեցին ուխտագնացութան Դոնի Ռոստովի «Սուրբ խաչ» եկեղեցի, էքսկուրսիա՝ Դոնի հայերի հետքերով: Առանձնապես վառ  տպավորություններ ստացան Դոնի Ռոստովի «Սուրբ Հարություն» եկեղեցու քահանա Տ. Տիրանի հետ հանդիպումից,  Հայ-ռուսական բարեկամության թանգարան,  ինչպես նաև Դոնի հայերի մշակութային ժառանգության հետ առնչվող մյուս տեսարժան վայրեր կատարած այցելություններից:

DSC04236 (1)

DSC04245

Այս ամենը հնարավոր դարձավ  Մատվեեվ-Կուրգանի շրջանային կրթության բաժնի անցյալ տարվա ընդունած որոշմամբ, որի համաձայն «Հայկական մշակույթ» առարկան մտցվեց հիշյալ կրթօջախի ուսումնական ծրագրի մեջ: Այս որոշումը տեղի հայերիս համար, անշուշտ, ավելին է, քան ընդունված ծրագրի շրջանակներում հայեցի կրթություն և դաստիարակություն ստանալը: Այն, անտարակույս, նաև մեր  ազգային դեմքն ու նկարագիրը պահպանելու  միջոց է, քանզի  մայրենի լեզուն, հավատքն ու ավանդույթներն են կերտում  աճող սերնդի հոգևոր աշխարհը, ձևավորում հայ մարդու ազգային մտածողությունն ու ոգին, ինչի շնորհիվ մեր պատմության ընթացքում դիմակայել ենք  բազում փորձությունների: Այսօր էլ մենք՝ Հայրենիքից հեռու  գտնվող հայերս, միայն այս արժեքներին ապավինելով,  ի զորու կլինենք  խուսափել ուծացման ու այլ վտանգներից»:

DSC04205

DSC04206

Այնուհետև ներկաները դիտեցին տեսաժապավեն, որտեղ ամփոփված էր  ուսումնական տարվա ընթացքում «Հայկական մշակույթ»-ի  անցած ճանապարհը: Ապա դահլիճի ծափահարությունների ներքո բեմահարթակ  բարձրացան օրվա հերոսնրը՝ «Հայկական մշակույթ» միավորման առաջին ուսումնական տարվա սաները: Նրանք ընթերցեցին հատվածներ իրենց սիրելի Այբբենարաններից, արտասանեցին իրենց առաջին հայերեն բանաստեղծութուններն ու կատարեցին հայերեն երգեր: Աշակերտների ելույթները հուզել էին ներկաներին: Իսկ վեցամյա Գարի Իգիթյանի ելույթից հետո դահլիճում  ներկա տատիկի՝ տիկին Լենայի «համբերության բաժակը լցվեց». իր սրտահույզ շնորավորանքից հետո  նա հիանալի արտասանեց Նաիրի Զարյանի «Հայոց լեզուն» բանաստեղծությունը: Ներկանրը  բուռն ծափահարություններ ու գարնանային թարմ ծաղկեփնջեր  նվիրեցին իրենց զավակերին ու թոռներին, ջերմորեն շնորհավորեցին հայեցի կրթությամբ առաջին ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ և մաղթեցին պահպանել մայրենի լեզուն, հավատքն ու ավանդույթները՝ որպես փարոս ու  փրկարար հանգրվան:

DSC04222

Մատվեեվ Կուրգան

Ռոստովի մարզ

Scroll Up