Դեսպան Հակոբյանի հանդիպումը Հնդկաստանի փոխնախագահի հետ

Մարտի 9-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանին ընդունեց Հնդկաստանի փոխնախագահ, Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Ռաջյա Սաբհայի նախագահ Մոհամադ Համիդ Անսարին:
Հանդիպման ընթացքում կողմերը փաստեցին, որ վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շարունակաբար զարգացել և ամրապնդվել են՝ դառնալով էլ ավելի ջերմ և բարեկամական: Երկուստեք ընդգծվեց բարձրաստիճան փոխայցելությունների հաճախակիացման կարևորությունը:
Խոսելով երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող դարավոր ավանդական կապերի մասին` Մոհամադ Համիդ Անսարին հատուկ նշեց հայ համայնքի ունեցած կարևոր դերը Հնդկաստանի ներքին կյանքում:
Հնդկաստանի փոխնախագահի խնդրանքով դեսպան Հակոբյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվելիք միջոցառումները:
Քննարկվեցին նաև տարածաշրջանային արդի խնդիրներ:
Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է ԱԳՆ-ից: