Լեհ հոգևորականը պատարագի ժամանակ հիշատակել է Հայոց ցեղասպանության մասին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/03/Leh-hogevorakan.jpg)
Հայտնի լեհ հոգևորական Տադեուշ Իսակովիչ Զալեսկին, Մեծ պահքից առաջ հավատացյալների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել հարգել Վոլինում կոտորածների և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին, News.am-ի փոխանցմամբ, հաղորդում է Rcecz Krotoszynska պարբերականը:
Լեհաստանի կենտրոնում գտնվող Կրոտոշինա քաղաքում պատարագի ժամանակ՝ Վոլինի կոտորածների մասին խոսելուց հետո, հոգևորականն անդրադարձել է նաև հայ ժողովրդի պատմության էջերին, նրանց արտագաղթին: «Լեհաստան գաղթած հայերը հիմնավորվել են, հիմնականում երկրի արևելքում: Հայոց ցեղասպանության հետևում կանգնած էին թուրք ազգայնականները, որոնք առաջնորդվում էին «Թուրքիան՝ թուրքերին» կարգախոսով»,-ասել է հոգևորականը:
«Սկզբում հայերին զանգվածաբար սպանում էին, հետո՝ կենդանի մնացածներին տեղահանում: Երկու միլիոն հայից (Օսմանյան կայսրության տարածքում ապրող-խմբ.) մոտ 1,5 մլն-ը մահացել է: Մինչև օրս Թուրքիան չի ճանաչում այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն: Սկզբում ոչ մի երկիր չէր դատապարտում Ցեղասպանությունը: Դա արել է միայն Վատիկանը: Երբ Գերմանացիները սանձազերծեցին Երկրորդ աշխարհամարտը, Հիտլերն ասաց, որ անօգուտ ժողովուրդներին պետք է ոչնչացնել՝ չվախենալով պատասխանատվությունից և ասելով՝ ո՞վ է հիշում հայերի մասին»,-ընդգծել է Իսակովիչ Զալեսկին: