Ֆրանսուա Օլանդի աջակցությամբ Փարիզում կբացվի Հայոց ցեղասպանության Հիշողության կենտրոն

Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցին ընդառաջ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կստեղծվի Մեծ Եղեռնի Հիշողության կենտրոն:

Նախաձեռնությունը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբինն է` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի աջակցությամբ: «Ֆրանսուա Օլանդն այս ծրագրի մղիչ ուժն է: Նա ցանկանում է, որ այս նախաձեռնությունն իրականություն դառնա: Երբ համայնքի անդամները 2012թ. հանդիպեցին Ֆրանսիայի նախագահին, այս հարցը նույնպես քննարկվեց, եւ նա հաստատեց ծրագիրը:

Այս տարիների ընթացքում նա միշտ հետաքրքրվում է, թե ծրագիրը որ փուլում է: Նա հանձնարարել է Փարիզի քաղաքապետարանին աջակցել այս հարցում եւ տարածք տրամադրել այս կենտրոնի համար: Փաստորեն, պետության ուժերը մեկտեղված են, որպեսզի այս կենտրոնի ծրագիրը կյանքի կոչվի»,­ «Արմենպրես»­ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի հանձախմբի անդամ Մուրադ Փափազյանը` հավելելով, որ այժմ կողմերը համապատասխան կառույց են ման գալիս: Պայմանավորվածության համաձայն` Փարիզի քաղաքապետարանը շենք է տրամադրելու հայ համայնքին` կենտրոնի բացման համար, սակայն կառույցը պատկանելու է ոչ թե համայնքին, այլ քաղաքապետարանին: Մուրադ Փափազյանը շեշտում է, որ Հիշողության կենտրոնի նախաձեռնությունն ամենայն հավանականությամբ իրականություն կդառնա աշնանը: Հիշողության կենտրոնում կգործեն ցուցասրահ, աշխատասենյակներ, որտեղ ուսանողները կկարողանան ուսումնասիրություններ կատարել, նաեւ դահլիճ, որտեղ կանցկացվեն կոնֆրենասներ, դասախոսություններ, հանդիպումներ Հայ դատի հանձնախմբի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Թեպետ հիշողության կենտրոնը նվիրված է լինելու Հայոց ցեղապանությանը, սակայն նախատեսվում է, որ միջոցառումներ եւ դասախոսություններ կանցկացվեն մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների մասին: Բացի Հիշողության կենտրոնի բացումից, Ֆրանսիայում 100­րդ տարելիցին նվիրված ծրագրերը բազմաթիվ են: Մարտին Սորբոնի համալսարանում կկայանա չորսօրյա միջազգային կոնֆերանս: Հայոց ցեղասպանության թանգարան­ինստիտուտի հետ համատեղ երեք ամիս շարունակ Փարիզի քաղաքապետարանում կցուցադրվեն թանգարանի ցուցանմուշները: «Կան հարյուրավոր այլ ձեռնարկեր. ցուցահանդեսների անցկացում, գրքերի հրատարակում: Բազմաթիվ հեռուստաընկերությունների հետ պայմանավորվածություն կա Հայոց ցեղասպանության մասին ֆիլմեր ցուցադրելու առնչությամբ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որպեսզի Ֆրանսիայի ամենախոշոր լրատվամիջոցները ոչ միայն լուսաբանեն այդ միջոցառումները, այլեւ առանձին հոդվածներով անդրադառնան Հայոց Ցեղասպանության տարելիցին»,­ ասաց Մուրադ Փափազյանը` հավելելով, որ 100­-րդ տարելիցի ոգեկոչումը պետք է ծառայեցնել ի նպաստ Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ հատուցման:

Scroll Up