Ամերիկյան շոուբիզնեսի աղբյուրները բացահայտնում են Ցեղասպանության մասին նոր ֆիլմ նկարելու Քըրքորյանի մտադրությունը

Հայ 97­-ամյա մեծահարուստ Քըրք Քըրքորյանը նախատեսում է նկարահանել Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, այս մասին showbiz411.com կայքում գրել է լրագրող Ռոջեր Ֆրիդմանը` հենվելով անանուն աղբյուրի հաղորդած տվյալների վրա և ընդգծելով, որ Քըրքորյանը միշտ հիացած է եղել «Հոլիվուդ»­ով: Նշվում է, որ ֆիլմի նախագծին արդեն միացել են «Օսկար»­ի առաջադրված ռեժիսոր և սցենարիստ, որոնց անունները չեն հաղորդվում:

Ֆիլմում նկարահանվելու են տարբեր հայտնի դերասաններ, որոնց անունները կարող են շուտով հրապարակվել: Ֆրիդմանը հայտնել է, որ դեռևս չվերնագրված ֆիլմի նկարահանումները սկսվելու են ամռանը Եվրոպայում: Լրագրողի հավաստմամբ` ֆիլմի բյուջեն մեծ է լինելու: Լրագրողը համոզմունք է հայտնել, սակայն, որ ֆիլմում ամեն դեպքում չեն լինելու Քարդաշյանները:

Հոդվածի հեղինակը հիշեցնում է ընթերցողներին, որ 97­ամյա հայ գործարարն ունի 4 միլիարդ ԱՄՆ դոլարի կարողություն: Ռոջեր Ֆրիդմանը տասը տարի Fox News-­ում աշխատելուց հետո 2009 թվականից սյունակ է վարում showbiz411.com­ում: Նա հրապարակումներ ունի նաև Vouge, The New York Times, Post, Daily News պարբերականներում:

Scroll Up