Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդման համաձայն Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բերտ Կոենդերսը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությանը գնահատական պետք է տան ոչ թե Հայաստանի և Թուրքիայի կառավարությունները, այլ գիտնականները, այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Նիդերլանդական Օրագիրը։
Կոենդերսը, մասնավորապես, ասել է. «Կառավարությունը չի կարող գնահատական տալ պատմական իրադարձություններին։ Այս հարցին գնահատական պետք է տան գիտնականները՝ Հայաստանի և Թուրքիայի կառավարությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքում»։
Թուրքիայի Հասարակական քննարկումների կենտրոնի նախագահ Էժդեր Քյոսեն ողջունել է Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչության այս քայլն ու նշել. «Սա չափազանց կարևոր որոշում է։ Հաճելի է նման հավասարակշռված դիրքորոշումներ լսելը»։
Նիդերլանդների հայ համայնքը արտգործնախարարի այս հայտարարությունը որակել է’ «խայտառակ»:
Առաջին հայացքից պետք էր մտածել, որ Նիդերլանդների արտաքին գերատեսչության ղեկավարն ուղղակի անտեղյակ է իրերի դրությանը և թելում է թուրքական ասեղը ու նրան պետք էր միայն հասկացնել, որ Ցեղասպանությունը անհերքելի փաստ է ու պետք չէ , որ գիտնականները նոր հայտնաբերեն տեղի ունեցած եղելությունը:
Սակայն Նիդերլանդներում գործող Աբովյան մշակութային միությունը, որը նաև համակարգում է FAON – 24 april կոմիտեի աշխատանքները, Նիդերլանդական Օրագրին այլ պարզաբանում տվեց.
«2004 թ. այս մարդը (խոսքը այժմյան նորանշանակ Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բերտ Կոենդերսի մասին է-ծանոթ.’ Ն.Օ) , որպես խորհրդարանի անդամ ելույթ է ունեցել մեր հանրահավաքի ժամանակ և բացեիբաց խոսել Ցեղասպանության մասին, իսկ հետո երբ հանդիպեցինք իր գրասենյակում, նորից կրկնեց, որ նա չի կասկածում, որ այն ինչ տեղի է ունեցել հայերի հետ Ցեղասպանություն է: Իսկ այժմ որպես նախարար այլ սազ է նվագում: Մեր հուշումով այդ մասին մի քանի շաբաթ առաջ խորհրդարանում նրան հիշեցրել է Հարի Վան Բոմելը’ Սոցիալիստական Կուսակցությունից (SP)»:
Բոլորն էլ կարծես նույն նյութից են ձուլված’ ասված է պարզաբանման մեջ, լինի ԱՄՆ-ի նախագահը, թե Հոլանդիայի նախարարը, հենց նստում են աթոռին, փոխվում են էությամբ (նույնպես այլ հարցերի նկատմամբ):
Հիշեցնենք, որ 2004 թվականի դեկտեմբերի 21-ին Նիդերլանդների խորհրդարանը միաձայն ընդունել է Ռաուֆուտի բանաձևը՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։