Թուրք լրագրող. Թուրքիայում այս օրերին պետք է հիշեն հայ կանանց նկատմամբ կատարված բռնությունները
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/02/cengiz-aktar.jpg)
Հայտնի թուրք լրագրող և գրող Ջենգիզ Աքթարն իր «Սովորական վարքագիծ» հոդվածում ներկայացրել է Հայոց ցեղասպանության տարիներին աքսորի ճանապարհին հայ կանանց նկատմամբ կատարված բռնությունները: Ինչպես armeniangenocide100.org-ի փոխանցմամբ հաղորդում է «Առաջին լրատվականը», հոդվածը լույս է տեսել թուրքական «Թարաֆ» թերթում, այնուհետև անգլերենով՝ «Թըդեյս Զաման»-ում:
«20-ամյա Օզգեջան Ասլանի սարսափելի սպանությունը ցնցեց ամբողջ Թուրքիան։ Թեև նման բնույթի սպանությունները հատկանշական չեն այս երկրին, այնուամենայնիվ, սա առիթ է՝ վերհիշելու նախորդ դարասկզբի Ցեղասպանության տարիներին տեղի ունեցած որոշ դրվագներ։
Զանգվածային սպանությունները և պատերազմի տարիներին բռնաբարություններն ու դաժանությունները լայն տարածում ունեին 20-րդ դարի սկզբին։ Ստրկությունից մազապուրծ եղած և 1922-1927թթ. Հալեպում ստեղծված Պաշտպանության տանն ապաստան գտած 1484 հայ կանանց, աղջիկների և տղաների պատմությունները պահպանվել են Ազգերի լիգայի արխիվի (Ժնև, Շվեյցարիա) փաստաթղթերում։ Այդ պատմությունների մի մասը թարգմանվել է թուրքերեն. ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից երեքը։
30-ամյա Էլմաս Բաղդասարյանի ամուսինը զինվոր էր թուրքական բանակում, երբ նա իր մոր և երեք երեխաների հետ արտաքսվեց։ Աքսորի ճանապարհին կինը ստիպված էր թողնել իր երեխաներից մեկին, քանի որ անկարող էր քարշ տալ նրան։ Հասնելով Ջեզիրե քաղաք՝ նա ճանապարհին թողեց նաև իր երկրորդ երեխային։ Այդ ժամանակ մի քուրդ եկավ և նրան տարավ գյուղ. նա ցանկանում էր ամուսնանալ Էլմասի հետ, սակայն վերջինս փախավ գյուղապետի մոտ՝ օգնության խնդրանքով։ Սակայն հասկանալով, որ թուրք գյուղապետը ևս մտադիր է իրեն կնության առնել՝ նա ստիպված ամուսնացավ։ Մի քանի օր անց գյուղապետը կնոջից վերցրեց երրորդ երեխային և նետեց գետը։ Հայ կինը դաժան ճակատագիր ուներ, քանի որ ստիպված էր ապրել իր երեխային սպանողի հետ։
7 ամիս շարունակ նա գտնվում էր բանտարկյալի կարգավիճակում։ Այնուհետև թուրքը մեկնեց Մարդին, և այդ ընթացքում Էլմասը փախավ գյուղից և հասավ Սավուր, որտեղ մի հարուստ թուրքի տանը 6 տարի աշխատեց որպես ծառա։ Այդ ընթացքում նա նորություն էր ստացել Հալեպում գտնվող իր ամուսնուց։ Կինը փորձեց փախչել, սակայն թուրք զինվորները նրան բռնեցին և կրկին ուղարկեցին Մարդին։ Երկու տարի աշխատելուց հետո հայ կնոջը, այնուամենայնիվ, հաջողվեց փախչել և ապաստան գտնել Պաշտպանության տանը», – գրում է հոդվածագիրը։
Աքթայն իր հոդվածում ներկայացնում է նաև 19-ամյա Մայրիգ Արընենագ Դուդուրայի և 18-ամյա Վարդե Խաչեի պատմությունները, որոնք աքսորի ճանապարհին կորցնում են իրենց ընտանիքները և սոսկալի տարիներ անցկացնում թուրքերի, քրդերի, արաբների մոտ՝ լինելով ստրուկի կարգավիճակում։
Նշենք, որ փետրվարի 11-ին Թուրքիայի Մերսին քաղաքում երթուղայինի վարորդը բռնաբարության անհաջող փորձից հետո դաժանորեն սպանել է 20-ամյա Օզգեջան Ասլանին։ Երկու օր անց ոստիկանությունը հայտնաբերել է թուրք աղջկա այրված մարմինը: Կատարվածը մեծ արձագանք է առաջացրել երկրում: Այս համատեքստում Թուրքիայում սկսել են քննարկել մահապատժի վերականգնման հարցը: