ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Կալիֆորնիայի հայ գրողների միության նախագահին
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կալիֆորնիայի Հայ գրողների միության նախագահ Հակոբ Մկրտչյանին:
Զրույցի ընթացքում Հ. Մկրտչյանը նախարարին ծանոթացրեց Կալիֆորնիայի հայ գրողների միության գործունեությանը, նշելով, որ ներկայումս այն ունի շուրջ 50 անդամ:
Ողջունելով հյուրին՝ նախարար Հ. Հակոբյանը կարևորեց օտար երկրներում հայապահպանության, հայոց լեզվի տարածման և զարգացման գործում հայ գրողի դերը, ծանոթացրեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականցվող ծրագրերին, մասնավորապես, էլեկտրոնային գրադարանի, հայերենի հեռակա ուսուցման և հայապահպանությանը նպաստող այլ ծրագրերի մասին: Նախարարը հորդորեց ավելի մեծ ուշադրություն նվիրել օտարագիր հայ գրողներին, քանի որ լսելով հայոց լեզուն, շփվելով հայկական մթնոլորտի հետ, նրանք առավել ևս կկապվեն իրենց ազգային արմատներին և հայկականության ոգին կարտացոլեն իրենց ստեղծագործություններում:
Խոսվեց նաև Հայաստանի հետ ամերիկահայ համայնքի կապերի ակտիվացման, հայկական դպրոցների վիճակի, Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում իրականացվելիք ծրագրերի մասին:
Հաշվի առնելով, որ փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է, նախարար Հ. Հակոբյանը և Հ. Մկրտչյանը միմյանց գրքեր նվիրեցին: