Թուրքերը պահանջում են «Եվրատեսիլ- 2015»-ին որակազրկել Հայաստանին ու Ֆրանսիային

Հաղորդվել էր, որ Հայաստանը ներկայանալու է «Don’t Deny»( «Մի՛ ժխտիր») երգով:
Թուրքերը ենթադրել են, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առիթով Հայաստանը Թուրքիայի դեմ խիստ խոսքեր պարունակող երգով է հանդես գալու, գրում է Artsakhpress-ը:
Մրցույթի թուրք երկրպագուները change.org կայքում ստորագրահավաք են սկսել՝ Եվրոպայի հեռարձակողների միությունից պահանջելով որակազրկել Հայաստանին, քանի որ համաձայն գործող կանոնների՝ մրցույթը քաղաքականացնելն արգելվում է:
Ստորագրահավաքի կազմակերպիչները դժգոհ են, որ ԵՀՄ-ն չի արձագանքել Հայաստանի այդ քայլին:
Ի դեպ, կազմակերպիչները պահանջում են նաև որակազրկել Ֆրանսիային, քանի որ Ֆրանսիայի մասնակիցն ասել էր, որ երգը նվիրվելու է Ցեղասպանությանը:
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում` մայիսի 19-ին, 21-ին և 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել էին, որ հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաև` առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշել է մրցույթին ներկայացնել նոր ձևաչափ:
Կարևորելով խաղաղության, միասնության և հանդուրժողականության գաղափարը՝ Հանրային հեռուստաընկերության ստեղագործական խումբը որոշել է այս տարի համախմբել 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա ևս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձևավորվելիք խումբը կկրի«Genealogy» անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն: