«Le Huffington Post». Ցեղասպանության էջն անվտանգ թերթել հնարավոր չէ
NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է Ֆրանսիայում Հայկական հիշողության ուսումնասիրության եւ արխիվացման ասոցիացիայի նախագահ Ժակ Ուլուսյանի՝ «Le Huffington Post»-ում հրապարակված հոդվածը:
«Իրերն իրենց անուններով չկոչելը նշանակում է բազմապատկել աշխարհի փորձությունները»,- ասել է Ալբեր Քամյուն: 1915-2015 թվականները Թուրքիայի՝ իրար հաջորդած կառավարությունների կողմից Հայոց ցեղասպանության ժխտման դար է: Հենց նման իմաստ պետք է տալ 100-րդ տարելիցի միջոցառումներին:
20-րդ դարը նաեւ աշխարհի պետությունների ղեկավարների կողմից տրված անկատար խոստումների դար է: Բայց դա նորություն չէ, քանզի Նիկոլո Մաքիավելլին ժամանակին ասել է. «Տիրակալը պետք է նախօրեին տված խոստումը պահի միայն այն դեպքում, եթե այն կարող է իրեն շահ բերել»:
2015 թվականը Թուրքիայի՝ իրար հաջորդած կառավարությունների կողմից Հայոց ցեղասպանության ժխտման 100-րդ տարելիցն է: Այս իրավիճակը մի ամբողջ հարյուրամյակ շարունակվում է թուրքական առաջնորդների համառության, բայց նաեւ համաշխարհային առաջնորդների պասիվության շնորհիվ, որոնք երկերեսանությունն ու լռությունը վեր դասեցին մարդու իրավունքների եւ արդարության արժեքներից: Այս դարը մարդու իրավունքների համընդհանուր գիտակցության ձախողումն է, դար, երբ ուժեղը միշտ իրավացի է:
100 տարի… Ո՞ւմ մոտ կարող է գայթակղություն առաջանալ մեզ պատմել այդ պատմությունը՝ սկսելով հետեւյալ խոսքերով. «Վաղուց՝ 100 տարի առաջ…»: Ո՛չ: Զոհերի մասին հիշատակումը կապ չունի վեպից վերցված շարքային պատմության հետ, խոսքը ցեղասպանության մասին է, եւ այդ հանցագործությունը երբեք անցյալ չի համարվի, այն կարող է կրկնվել այսօր, դա էջ չէ, որը կարելի է առանց ռիսկի թերթել: Պետք է շրջել այլ էջեր. չարության, այլոց հանդեպ ատելության եւ վրեժի էջերը:
100 տարին շատ է, բայց նաեւ չափազանց քիչ, որպեսզի ծնկի բերի մի ժողովրդի,որը 3000-ամյա պատմություն ունի: Բայց, ինչպես սկզբում, մենք ոչնչից չենք ազատվի, մենք պետք է շարունակենք պայքարել հիշողության համար եւ հույս ունենալ, առաջին հերթին՝ մեզ վրա: