Ցեղասպանության ճանաչման ավանդի համար օտարազգի գործիչները կարող են պարգևատրել Երախտագիտության մեդալով
Հայաստանի մի խումբ պատգամավորներ առաջարկում են Երախտագիտության մեդալով պարգևատրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման, ինչպես նաեւ ժխտողականության դեմ պայքարի գործում նշանակալի եւ ծանրակշիռ ավանդ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին:
Այդ նպատակով կառավարության քննարկմանն է ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդգրկված է կառավարության փետրվարի 12-ի նիստի օրակարգում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գործադիրը նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունի: Գործող օրենքի 25րդ հոդվածի համաձայն՝ Երախտագիտության մեդալով պարգեւատրվում են պետական, հասարակական գործիչները, տնտեսության, կրթության, գիտության, մշակույթի եւ այլ բնագավառների գործիչները, մինչդեռ կան նաեւ օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր իրենց նշանակալի ավանդն են ներդրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման, խախտված իրավունքների վերականգնման, ինչպես նաեւ ժխտողականության դեմ պայքարի գործում, սակայն մինչ այժմ պարգեւի համապատասխան տեսակով` երախտագիտության մեդալով չեն պարգեւատրվել:
Օրինակ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ԱՄՆի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն, Սենատի անդամ Մարկ Քըրքը, Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Հովարդ Բերմանը եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ. Ռոյսը, պետական քաղաքական գործիչ Ջիմ Կարիջիաննիսը (ԿԱՆԱԴԱ), Ջորջ Ռադանովիչը (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Եվրոպական Խորհրդարանի նախկին պատգամավոր Անրի Սաբը եւ հասարակական, պետականքաղաքական այլ գործիչներ պարգեւատրվել են Մխիթար Գոշի մեդալով, այնինչ՝ նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի նման գործիչներին պարգեւատրել Երախտագիտության մեդալով: