Պատմաբան. Ցեղասպանության հռչակագիրն ամրագրում է, որ ոչ միայն ճանաչում, այլև հատուցում ենք պահանջում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/02/armen-maruqyan-armnews.jpg)
ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանը, Tert.am-ին տված հարցազրույցում անդրադառնալով հրապարակված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին, նշել է, որ այն նախ խոսում է համայն հայության միասնական վճռականության մասին և ապա ի լուր աշխարհի հայտարարում, որ Հայոց ցեղասպանության ճանաչման փուլն արդեն անցյալում է մեզ համար։ Պատմաբանն առանձնացնում է հռչակագրի 6-րդ կետը, որտեղ հիշատակվում է իրավական պահանջի մասին։
-Պարո՛ն Մարուքյան , ինչպե՞ս եք գնահատում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, այն ներառո՞ւմ է բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք կային։
– Աննախադեպ երևույթ է հռչակագիրը, որը խոսում է այն մասին, որ թե՛ Հայաստանի Հանրապետությունում, և թե՛ Սփյուռքում հայ ժողովուրդը միասնական է և վճռական՝ Հայոց ցեղասպանության արդարության վերականգնման և հետևանքների հաղթահարման հարցում։ Կարևոր հղումներ են կատարվել մինչև այս ընդունված միջազգային իրավական փաստաթղթերի, որոնք ավելի անխոցելի են դարձնում իրավական հիմքը և հատուցման պահանջատիրության հարցը դնում են ավելի լուրջ հարթության վրա։
-Իսկ հռչակագիրն ավելի շատ ներքի՞ն լսարանի համար է, թե՞ արտաքին։
– Սա և՛ ներքին, և՛ արտաքին լսարանի համար է, սակայն ավելի շատ ուղղված կլինի արտաքին լսարանի համար, նախևառաջ՝ Թուրքիային և նրա նախագահին, որն անընդհատ խոսում է Հայաստանի և Սփյուռքի տարբեր դիրքորոշումների մասին։ Այսպիսով՝ փաստորեն հստակեցվում է, որ հայ ժողովուրդը միասնական է այս խնդրի հանգուցալուծման հարցում։
-Իսկ գործնականում ինչպե՞ս պետք է փաստաթուղթը կյանքի կոչվի, որտե՞ղ պետք է ներկայացվի, ի՞նչ ձևով։ ՄԱԿ-ին ուղարկելու իմաստը, ըստ Ձեզ, ո՞րն է։
– ՄԱԿ-ի ուղարկված տարբերակը այս հիմնահարցի վերաբերյալ մեր դիրքորոշումն է արտահայտում, որ համայն հայությունը ոչ միայն ՀՀ-ում, այլ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները վճռական են, միասնական Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում։ Այսինքն՝ ի լուր աշխարհի մենք հայտարարում ենք, որ մեզ համար Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը բավարար չէ խնդրի հանգուցալուծման համար, և մենք պահանջում ենք նաև մեր իրավունքների վերականգնումը ինչպես կորցրած հայրենիքի, այնպես էլ կորցրած սեփականության նկատմամբ։
Ես կցանկանայի արտահայտել նաև այն միտքը, որ փաստորեն Համահայկական հռչակագրի 6-րդ կետում շատ կարևոր հիշատակում կա իրավական պահանջի, մեր իրավունքների վերականգնման հետ կապված։ Այստեղ նաև թղթածրարի պատրաստման գաղափարն է շեշտադրված, ինչը խոսում է այն մասին, որ հայությունն այսօր մտադիր է նաև միջազգային իրավական մեխանիզմներով պայքարել մեր իրավունքների համար, դա կարող է լինել և միջազգային դատական ատյաններ դիմելու միջոցով, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, համայն հայության անունից կարող է նման նախաձեռնությամբ հանդես գալ: Փաստացի այս համահայկական հռչակագիրը տալիս է Հայաստանին այդ հնարավորությունը՝ որպես անկախ պետություն՝ օգտագործելու իր միջազգային իրավունքի սուբյեկտ լինելու հնարավորությունը և նման նախաձեռնությամբ հանդես գալու։ Այսինքն՝ պահանջ ներկայացնողը միջազգային դատական ատյաններում ի վերջո լինելու է հայկական պետականությունը, իսկ Սփյուռքը միանշանակ կանգնած է լինելու իր կողքին և սատարելու է այդ ողջ գործընթացը։
Մեծ հաշվով այս հռչակագիրն ավելի կոնցեպտուալ, ավելի հռչակագրային փաստաթուղթ է, բայց դրան պետք է հետևեն, իմ կարծիքով, ավելի գործնական, կոնկրետ քայլեր, և թղթածրարի հիշատակումը հռչակագրում խոսում է այն մասին, որ սրան զուգահեռ պատրաստվում է երկրորդը և գուցե երրորդը, որքան որ կպահանջվեն փաստաթղթեր, որտեղ այդ գործողությունների ծրագիրը պետք է հստակ մատնանշվի, ընդհուպ մինչև՝ միջազգային դատական ատյաններ դիմելու հնարավորությունը։
-Կարո՞ղ ենք ասել, որ Ցեղասպանության 100-ամյակին հռչակագրի ընդունմամբ շեշտվում է, որ ոչինչ չի ավարտվում և ընդհակառակը՝ ամեն ինչ սկսվում է։
-Անշուշտ, սա կոնցեպտուալ փաստաթուղթ է, որտեղ շեշտադրվում են հիմնական անելիքներն իրենց ուղղություններով։ Սա, ուրեմն նախ փաստաթուղթ է, որն ասում է, որ մենք չենք բավարարվում միայն ճանաչմամբ, որ չնայած մեզ ոչնչացնելու ջանքերին՝ հայ ժողովուրդը ոչ միայն գոյատևեց, այլև ուժեղացած դուրս եկավ արհավիրքից հետո՝ ստեղծելով իր անկախ պետականությունը՝ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ Արցախյան ազատամարտում հաղթանակ տանելուց հետո։
Եվ հետո, անշուշտ, այսօրվա մեր անելիքների շեշտադրումն է. շատ հաճախ կարծիք է հնչում, որ ուղերձ է ապագա սերունդներին. բացարձակապես ոչ։ Սա նախ մեր անելիքների ամրագրումն է, թե մեր այսօրվա սերունդն ինչ պետք է անի, իսկ մեր սերունդը պարտավոր է թղթածրարը մշակել և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ էստաֆետը հաջորդ սերունդների համար լավ հիմքերով շարունակելու հնարավորություն ստեղծի, որովհետև ամբողջը գցել հաջորդ սերունդների վրա, դա, ես կարծում եմ, ճիշտ չէ։ Անշուշտ, ուղերձ կա հաջորդ սերունդներին, թե նրանք ինչ են անելու Հայաստանի հզորացման, այս պայքարը շարունակելու ու հաջողության հասնելու համար, բայց մենք ավելի լավ ստարտային հնարավորություն պետք է տանք հաջորդ սերնդին, քանի որ մենք արդեն անկախ պետականությամբ ենք հանդես գալիս։ Եթե նախորդ սերունդները չէին կարող դա անել Խորհրդային Միության կազմի մեջ լինելու պայմաններում, մեր սերունդը պարտավոր է դա անել, իր անելիքները լիարժեք կատարել, որ ավելի հեշտացնի հաջորդ սերունդների հարցը։ Անշուշտ, այս հռչակագիրը խորհրդանշում է բեկում՝ Հայոց ցեղասպանության դատապարտման, և դրա հետևանքների հաղթահարման գործընթացում։
Այսինքն՝ սա այն կարևոր շեմն էր, որ մենք, նախ ինքներս մեզ, որ համայն հայությունը ոչ միայն ճանաչում է պահանջում, այլ նաև հատուցում, և ի լուր աշխարհի հայտարարում ենք, որ մենք պայքարում ենք Ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար, և ճանաչման փուլն արդեն անցյալում է մեզ համար։
-Այլ կերպ՝ մորթվածի կերպարի՞ց ենք փորձում նաև դուրս գալ այս հռչակագրով։
-Միանշանակ, այս հռչակագիրը խոսում է այն մասին, որ մենք հաղթահարել ենք ցեղասպանված ժողովրդի բարդույթը և այսօր հանդես ենք գալիս պահանջատեր ժողովրդի դիրքերից, և այս փոփոխությունները միանգամայն ջղաձիգ արձագանքեր ունեցան թուրքական կողմից, Էրդողանի հայտարարությունները հաջորդեցին, իսկ սա խոսում է այն մասին, որ նրանք հասկանում են էական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել հայ ժողովրդի մոտ, և փորձերը՝ ամեն կերպ սեպ խրելու հայ ժողովրդի երկու հատվածների միջև՝ այս փաստաթղթով լրաժեք չեզոքացվեցին, Էրդողանի ջղաձգությունը նաև սրանով է պայմանավորված։