Տորոնտոյի հայերի միջոցներով արդիականացվել է Շոշի դպրոցը

“Հայաստան” համահայկական հիմնադրամն արդիականացրել է ԼՂՀ Ասկերանի շրջանի Շոշ գյուղի` շուրջ մեկ տասնամյակ առաջ Տորոնտոյի տեղական մարմնի հովանավորությամբ կառուցված եռահարկ դպրոցը: Այս մասին հայտնում է Հիմնադրամի պաշտոնական կայքը:
Տորոնտոյի հայերի շարունակական հոգածության շնորհիվ այս անգամ էլ մասնակի վերանորոգում է իրականացվել դպրոցում, մասնավորապես` հարդարվել են արտաքին պատերը, միջանցքները, դահլիճը, գրադարանն ու բուժկետը պատվել են խտացված գրանիտե սալահատակով, նորոգվել են պատշգամբները: Անձրեւաջրերից արդյունավետ պաշտպանելու նպատակով պատուհանների ու պատշգամբների վրա տեղադրվել են ծածկեր: Դպրոցի տարածքը ցանկապատվել է:
Կրթօջախում այսօր ուսանում է շուրջ 150 աշակերտ` այդ թվում հարեւան համայնքներից: Տորոնտոհայ բարերարի աջակցությամբ 2012-ին դպրոցը ձեռք բերեց միկրոավտոբուս, որը սպասարկում է հարակից գյուղերի աշակերտներին: Երկու տարի առաջ Տորոնտոյի հայ համայնքի ջանքերով դպրոցի համակարգչային սրահն ապահովվեց նաեւ ինտերնետ կապով: Տարբեր տարիների դպրոցականներին նվիրաբերվել են սփյուռքահայ մեր հայրենակիցների կողմից կարված գեղեցիկ դպրոցական համազգեստներ:
“Հիմնադրամն իր հոգածության ներքո է պահում այս համայնքը: Շուտով այստեղ շահագործման կհանձնվի նաեւ Հիմնադրամի կողմից ներկայումս տարբեր գյուղերում կառուցվող ինը համայնքային կենտրոններից մեկը, որտեղ կենտրոնացված կլինեն գյուղի բուժկետը, գրադարանը, խաղասրահը, հանդիսությունների սրահն ու գյուղապետարանը”,- ասում է “Հայաստան” հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: