Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Ցեղասպանությունը վերապրած 100-ամյա կինը դեռևս լսում է փոքրիկ հայ երեխաների ճիչերը` The Independent

The Independent-ը անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու հարցազրույց վերցրել 20-րդ դարի սկզբին մարդկության հանդեպ իրականացված ամենամեծ ոճրագործության վերջին ականատեսներից մեկից:

«Նա մեծ պատերազմի ծնունդ է, ով ծնվել է զանգվածային սպանությունների ժամանակաշրջանում: Նա անցած դարաշրջանի առաջին կեսին իրականացված առաջին Ցեղասպանության վերջին վկաներից մեկն է: Այդ կինը նստած է իր հաշմանդամի անվասայլակում, ժպտում է մեզ, խոսում է Հիսուսի ու հայ երեխաների մասին, որոնց ոստիկանները մտրակներով են խարազանել: Նա այդ ամենին հետևել է իրենց տան դռան անցքից: Ամեն օր չէ, որ կարելի է հանդիպել մարդկային պատմության այսպիսի վկայի: Ցավոք, շուտով նրա նման մարդիկ կհեռանան կյանքից:

345678

Եվնիգե Սալիբյան

Անցած շաբաթ ինձ տարան Կալիֆորնիայի Միշն-Հիլսում բնակվող Եվնիգե Սալիբյանի հետ հանդիպման, որտեղի տաք քամիներն ու արմավենիներն ինչ-որ բանով հիշեցնում են Այնթափ քաղաքը, որտեղ ավելի քան 100 տարի առաջ ծնվել է այս կինը: Այժմ Եվնիգե Սալիբյանն ապրում է ծերանոցում, սակայն նա անթերի հիշողություն ունի, ինչպես նաև ոտքին մնացած սարսափելի սպի, որը նա ցույց է տալիս առանց ամաչելու: Դա ձիու սանձերից մնացած հետք է, որոնցից նա կախված է մնացել անդունդի եզրին ու քիչ է մնացել մահանա արնահոսությունից: Դա տեղի է ունեցել իր հայրենի Հայաստանից փախչելու ժամանակ: «Խշշ-խշշ,- ասում նա:- Այդպիսի ձայն էր գալիս, երբ արնահոսում էի: Ես մինչ այսօր հիշում եմ այդ «խշշ»-ը»: Հայերի հոլոքոստի մասին փաստերն այնքան ակնհայտ ու իրական են, ինչպես և ավելի ուշ գրանցված հրեաների հոլոքոստը: Սակայն դրանց մասին անհրաժեշտ է անդադար խոսել, քանի որ Թուրքիայի կառավարությունը նախկինի պես հերքում է շուրջ 100 տարի առաջ 1.5 միլիոն հայի կյանք խլած Հայոց ցեղասպանությունը` պնդելով, որ Օսմանյան կառավարությունը ցեղասպանություն չի իրականացրել:

Տասնյակ հազարավոր հայերի կտրատել են կացնով, դանակներով ու գնդակահարել են: Կանանց ու երեխաներին ուղարկել են մահանալու հյուսիսային Սիրիայի անապատներ, որտեղ նրանք սովամահ էին լինում, որտեղ նրանց բռնաբարում ու գազանաբար սպանում էին: Թուրքերը կիրառում էին հասարակ գազով լցված խցիկներ, և հենց այդ դասը ավելի ուշ լավ յուրացրին գերմանացիները: Շատ շուտով աշխարհում Եվնիգեի նմաններ այլևս չեն մնա, ովքեր կկարողանան պատմել իրենց կյանքի պատմությունը:

Նա ծնվել է 1914 թ հունվարի 14-ին Այնթափից պղնձի առևտրական Ապոշ Ապոշյանի ընտանիքում: Այդ մարդն իր 5 երեխաներին կարդում էր Աստվածաշունչ՝ նստելով իր տան հատակին, իսկ նրան նստեցնելով ծնկներին: Նրանք, ինչպես և շատ հայեր, եղել են միջին դասի ընտանիք: Ապոշը թուրք ընկերներ է ունեցել, և չնայած Եվնիգեն չի խոսում այդ մասին, հնարավոր է, նա առևտուր է արել Օսմանյան բանակի հետ: Հնարավոր է` հենց դա է փրկել նրանց կյանքը: Երբ սկսվեցին առաջին արտաքսումները, Ապոշյանները մնացել են իրենց տանը, իսկ Ցեղասպանությունը շարունակվել է այդ պատերազմի մինչև վերջին ամիսները: Այդ իսկ պատճառով էլ 1917 թ թուրքերը շարունակել են Այնթափի դատարկումը` սպանելով ու քշելով հայերին: Հենց այդ ժամանակ է փոքրիկ Եվնիգեն մոտեցել իր տան մուտքի դռանը` լսելով գոռոցներ ու լաց:

«Հին փայտե դուռ էր, վրան անցքեր կային, և ես նայում էի այդ անցքերից,- հիշում է կինը:- Դրսում շատ ոտաբոբիկ երեխաներ կային, իսկ թուրք ոստիկանները նրանց մտրակներով փողոց էին քշում: Որոշ երեխաներ ծնողների հետ էին: Մեզ արգելում էին նրանց ուտելիք տալ: Թուրքիայի ոստիկանությունը նրանց մտրակներով ու մեծ ճիպոտներով էր ծեծում: Ճչացող ու լացող երեխաներ, ես մինչ հիմա լսում եմ այդ ճիչերը, ինչպես այն ժամանակ, երբ նայում էի դռան անցքերից»: Հայերի ցեղասպանության առաջին տարին այնքան շատ ծնողներ են մահացել, որ հայկական հողերի վրա ամբոխներով թափառող որբ մնացած երեխաներին թուրքերն արտաքսել են արդեն ավելի ուշ: Հենց նրանք էլ եղել են այդ փոքրիկ գերիները, որոնց տեսել է Եվնիգեն: Սակայն Ապոշյաններին հաջողվել է գոյատևել մինչ արևելյան

Թուրքիայում ֆրանսիական բանակի հայտնվելը` օսմանների կապիտուլացիայից հետո: Սակայն երբ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը իր երկրում սկսել է պարտիզանական պատերազմն ընդդեմ Ֆրանսիայի, ֆրանսիացիները նահանջեցին, և 1921 թ ողջ մնացած հայերը նրանց հետ Սիրիա են փախել: Նրանց թվում է եղել նաև Եվնիգեի ընտանիքը, ով ճանապարհ է ընկել 2 սայլակով՝ դրանց վրա բեռնելով իրենց ունեցած-չունեցածը: Նրանք եղել են վերջին հայերից, ովքեր լքել են իրենց հայրենի հողը:

«Իմ ընտանիքը տեղավորվել էր երկու սայլակում: Գիշեր էր, մենք անդունդի վրայով էինք ընթանում, մեր ձիերը վախեցան, սայլակը շրջվեց, ինձ կամուրջից ներքև նետեց, ես փրկվեցի միայն շնորհիվ ձիու սանձերի, որոնք փափաթվել էին ոտքիցս: Ինձ փրկեց Հիսուսը: Ես այնտեղ կախված էի, իսկ ինձնից արյուն էր հոսում, այ այսպես` խշշ, խշշ»: Եվնիգեն ցույց է տալիս հին սպին: Փոքրիկ աղջնակը երկու օր շարունակ անգիտակից վիճակում է եղել, իսկ հետո երկար բուժում է ստացել Հալեպում, դրանից հետո Դամասկոսում, իսկ վերջում Բեյրութում:

Նա պատմում է, որ իր ողջ կյանքը նվիրել է Աստծուն ու ամուսնուն` 1953 թ ևս մեկ ողբերգություն ապրելով, երբ Լիբանանում վթարի ժամանակ կորցրել է որդուն: Բեյրութ ժամանելու ժամանակ արված լուսանկարում երևում է, որ Եվնիգեն երիտասարդ ժամանակ շատ գեղեցիկ է եղել և նրա խոսքերով` շատերն են փորձել գրավել վերջինիս սիրտը: Սակայն նա ընտրել է ճաղատ բողոքական քահանա Վահրան Սալիբյանին, ով ունեցել է հիասքանչ ժպիտ ու ում ազգանունը թարգմանվում է որպես խաչակիր: «Նա գլխին մազեր չուներ, բայց սրտում Աստված ուներ»,- պատմում է Եվնիգեն: Վահրանը մահացել է 1995 թ, 60 տարի միասին ապրելուց հետո, իսկ Եվնիգեն այժմ կորցրել է իր ծոռների հաշվարկը, նրանք նվազագույնը 22-ն են արդեն: Նա երջանիկ է իր լուսավոր հայկական ծերանոցում:

Եվնիգեն ամեն օր կարդում է Նոր Կտակարանը և անդադար խոսում է Հիսուսի հանդեպ իր սիրո մասին: Լրագրողի այն հարցին, թե ինչ է զգում նա թուրքերի հանդեպ, այդ ալեհեր կինը պատասխանում է.

«Ես աղոթում եմ Թուրքիայի համար: Աղոթում եմ թուրք ղեկավարների համար, որպեսզի նրանք կարողանան տեսնել Հիսուսին: Մուհամմեդ մարգարեից միայն մոխիր է մնացել: Իսկ Հիսուսը ողջ է ու երկնքում»:

Ինձ ցնցում են նրա բառերը, սակայն հանկարծ հասկանում եմ, որ լսում եմ ոչ թե 100-ամյա ծերունու խոսքերը: Ես լսում եմ երեքամյա փոքրիկի ձայնը, ում հայրը Աստվածաշունչ է կարդում` նստած Այնթափի իր տան հատակին: Իսկ այս աղջնակը նայում է փայտե դռան անցքերից, թե ինչպես են իր ազգին հետապնդումների ենթարկում»:

Տաթև Ֆռանգյան
Scroll Up