ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը հանդիպեց Նիդերլանդների արտգործնախարարության պատվիրակությանը
ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը հունվարի 20-ին հանդիպեց Նիդերլանդների արտգործնախարարության բարձրաստիճան պատվիրակության հետ, որի կազմում ընդգրկված էին արտգործնախարարության Եվրոպայի բաժանմունքի տնօրեն՝ Յոհան Վերբոմը, հայեցակարգային համակարգող աշխատակից՝ Մատեյս Սխրոդերը և հայեցակարգային աշխատակից՝ Մանյա Սիմոնսը։ Հայ Դատի հանձնախումբը ներկայացնում էին՝ Մասիս Աբրահամյանը, Աննա Մովսեսյանը և Սեպուհ Աբրահամյանը։
Մասիս Աբրահամյանը ներկայացրեց հոլանդահայության սպասումները Նիդերլանդների կառավարությունից՝ Հայոց Մեծ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը աշխարհի բոլոր երկրների ղեկավարներին հրավիրում է, որպեսզի 2015 թվականի ապրիլի 24-ին ներկա գտնվեն Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ Մեծ Եղեռնի հարյուրամյակի առթիվ հարգելու մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Սակայն հայ ժողովուրդը հատկապես սպասում է Հայոց Ցեղասպանությունը ճանաչած երկրներից, որ կապահովեն իրենց ներկայությունը։ Դրանից բացի հոլանդահայության համար չափազանց կարևոր է կառավարության բարձրաստիճան ներկայությունը այստեղ՝ Հոլանդիայում կազմակերպվող միջոցառումներին։ Պարոն Վերբոմը հայտնեց, որ ստացել են պաշտոնական հրավեր Հայաստանից, սակայն դեռ որոշում չի կայացվել այցելության վերաբերյալ։ Նույնպես քննարկվում է կառավարության մասնակցության հարցը այստեղ տեղի ունեցող միջոցառումներին։ Այս դեպքում նույնպես առայժմ հստակություն չկա։
Պարոն Աբրահամյանը խոսեց թուրքական քարոզչամեքենայի նոր խարդավանքների մասին կապված Գալիբոլիի ճակատամարտի հարյուրամյակը ապրիլի 24-ին նշելու հայտարարության մասին։ Երբ Նիդերլանդների կառավարությունը պարբերաբար նշում է երկկողմ բանակցությունների մասին, արդյո՞ք կառավարության մոտ կա հստակ պատկերացում Թուրքիայի վերաբերյալ, որպես բանակցող կողմի։ Հայ Դատի հանձնախմբի կարծիքով Նիդերլանդների կառավարությունը ավելի հետևողական պետք է գտնվի 2004 թվականի Ռաուֆուտի բանաձևի պահանջների իրականացման մեջ։ Որքան հստակ լինի դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ, այնքան պարզ կլինեն Թուրքիային ներկայացվող պահանջները։ Հակառակ պարագային, հեղեղուկ կեցվածքի դեպքում թուրքական կառավարությունը կշարունակի իր մերժողականության և կեղծարարության քաղաքականությունը։
Քննարկվեցին նաև մի շարք այլ հարցեր կապված Թուրքիայի երկդիմի և կողմնակալ քաղաքականության հետ, մասնավորապես Արցախի պարագայում։ Արտգործնախարարության պատվիրակությունը ուշադրությամբ լսեց և խոստացավ բարձրացված բոլոր հարցերը փոխանցել արտգործնախարարին։ Պարոն Աբրահամյանը հույս հայտնեց, որ ներկայացված խնդիրները, որոնք ոչ միայն Նիդերլանդներում ապրող, այլ նաև ամբողջ հայության ակնկալիքներն են, անպատասխան չեն մնա։