Ադրբեջանը փաստերի աղավաղման նոր` առավել բարձր նշաձող է սահմանել. ՊՆ

Ադրբեջանը փաստերի աղավաղման նոր` առավել բարձր նշաձող է սահմանել: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ՊՆ-ն:

Հայտարարությունում ասվում է.

«Ադրբեջանի նախագահի` 2014թ. սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ» հրամանագրից հետո Ադրբեջանի ռազմական ղեկավարությունն իր տեղեկատվական քաղաքականության մեջ սահմանել է տեղեկությունների սահմանափակման եւ փաստերի աղավաղման նոր` առավել բարձր նշաձող:

Ընդ որում, Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին եւ շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը մատուցվող փաստերն ամբողջովին աղավաղելու, ակնհայտ ապատեղեկատվություն տարածելու հետ մեկտեղ, այդ պետության պաշտպանության նախարարությունը լիովին կասեցրել է սեփական Զինված ուժերին վերաբերվող ցանկացած բացասական, առավել եւս` շփման գծում բազմաթիվ անիմաստ մարդկային կորուստներով ուղեկցվող ձախողումներին վերաբերվող տեղեկատվության հրապարակումը:

Այդ գործելաոճը լիովին տեղավորվում է համապետական մակարդակով վարվող տեղեկատվական քաղաքականության շրջանակներում, երբ «խոսքի ազատություն», «ազատ մամուլ», «մարդու իրավունքներ», «բազմակարծություն» եւ տեղեկատվական ազատ հասարակությանը բնորոշող բոլոր մյուս հատկանիշները արմատախիլ են արված, երբ ազատ կամարտահայտությունը դիտվում է որպես պետական դավաճանություն, երբ տասնամյակներ շարունակ սերունդները դաստիարակվում են հայի թշնամու կերպարի, մտացածին սեփական պատմության եւ հանցագործությունների հիման վրա ստեղծված հերոսների մոտիվներով:

ՀՀ պաշտպանության նախարարությունն այսուհետ եւս շարունակելու է բաց, թափանցիկ եւ օբյեկտիվ տեղեկատվական քաղաքականությունը` հասարակությանը հաշվետու լինելով մեր զինված ուժերի բոլոր ձեռքբերումների ու առավել եւս` բացթողումների համար, քանզի գիտակցում է դրանք հաղթահարելու, Հայաստանի Հանրապետության եւ հայ հասարակության պաշտպանությունն ապահովելու ամբողջ պատասխանատվությունը:

Տեղեկատվական դաշտում որդեգրած մոտեցումների այս տարբերությունը լավագույնս ի ցույց է դնում հակամարտ կողմի հետ գոյություն ունեցող եւ օրըստօրե խորացող բարոյական ու արժեքային տարբերությունը»:

Scroll Up