2015-ի ապրիլի 24-ին Թուրքիան «մեծ շուքով» կնշի Չանաքքալեի ճակատամարտի հաղթանակի 100-ամյակը

Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան հայտարարեց հերթական ստոր քայլի մասին:

Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին հայտարարել է, որ 2015 թվականի ապրիլի 24-­ին թուրքական պետությունը մեծ շուքով նշելու է Չանաքքալեի ճակատամարտում հաղեթելու 100-­րդ տարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Էրդողանն ընդգծել է, որ այդ օրը Թուրքիա կհրավիրվեն մի շարք պետությունների ղեկավարներ: Հայ ժողովրդի մեծագույն ողբերգությունը խորհրդանշող օրը թուրքական պետությունում Չանաքքալեի հաղթանակը նշելու մասին լուրը մեծ բավականություն է պատճառել Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևին, ով Թուրքիայի Նախագահի հետ ասուլիսին հայտարարել է. «Շնորհակալ եմ Ձեզ այդ տարեթիվը ընտրելու համար: Դա շատ իմաստուն քայլ է»:

Հետաքրքրական է, որ Չանաքքալեի ճակատամարտը տեղի է ունեցել 1915 թվականի ոչ թե ապրիլին, այլ մարտին: Ակնհայտ է, որ այս հայտարարությամբ Էրդողանը պատասխանեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Հայաստան գալու և Հայոց Մեծ եղեռնի հիշատակի արարողություններին մասնակցելու հրավերին` անուղղակիորեն մերժելով այն:

Չանաքքալեի ճակատամարտ տեղի է ունցել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին` 1915 թվականի մարտի 18­ին, երբ թուրքերը թույլ չտվեցին Անտանտի երկրներին պատկանող նավերին մտնել Դարդանելի նեղուց (նեղուցի թուրքական անվանումը Չանաքքալե է): Այս օրը Թուրքիայում վերածվել է ամենամյա տոնի, սակայն երբեք չի նշվել ապրիլին:

Scroll Up