Վանի հայկական տեղանունները վերականգնվում են

Վանի քաղաքապետարանի խորհուրդը քննարկել է Վան նահանգի գյուղերի և թաղամասերի նախկին անվանումները վերականգնելու հարցը: Ըստ կայացված որոշման, վերադարձվել են 704 գյուղերի և թաղամասերի հին անունները:
Այս մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Սույն տարվա նոյեմբեր ամսին քաղաքապետարանի խորհրդի համապատասխան հանձնաժողովի կողմից կատարված նախապատրաստությունից հետո կայացված որոշման համաձայն, վերականգնվել են Բաշքալեի 81, Չալդրանի 86, Չաթաքի 34, Էդրեմիթի 18, Էրջիշի 105, Գևաշի 37, Իփեքյոլուի 50, Մուրադիյեի 41, Օզալփի 53 և Սարայ գավառի 25 գյուղերի և քաղաքների նախկին անվանումները:
Սույն որոշումը, որը նախատեսում է ընդհանուր 704 քրդական ու հայկական տեղանունների վերադարձը, միաձայն հաստատվել է քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն (BDP), ինչպես նաև` իշխանության ղեկին գտնվող Արդարություն և զարգացում (AKP) կուսակցությունների անդամներից բաղկացած խորհրդի կողմից: Այսուհետև ամբողջ ներքին և արտաքին պաշտոնական գրագրության մեջ կիրառվելու են այդ թաղամասերի և գյուղերի թուրքերեն, քրդերեն ու հայերեն անվանումները: