Վանի հայկական գերեզմանատներից մեկի տեղում գոմեր են կառուցելու

Վանի Իփեքյոլու (Մետաքսի ճանապարհ) շրջանում գտնվող հայկական հին գերեզմանատան տեղում թաղապետի և Արտակարգ իրավիճակների վարչության համագործակցությամբ գոմ և անասնակերի պահեստներ կառուցելու որոշում է կայացվել, տեղեկացնում է Dicle լրատվական գործակալությունը:
Tert.am-ի փոխանցմամբ` տարիներ շարունակ ավերված գերեզմանատան տապանաքարերը բնակիչներից շատերը տների ու գոմերի շինարարության համար են օգտագործել, իսկ ոմանք էլ դեմ են արտահայտվում պատմական ժառանգության ոչնչացմանը:
20 հազար քառակուսի մետր տարածքում, որը շրջակայքի բնակիչները հայկական գերեզմանոց են կոչում, պահպանվել է գերեզմանաքարերի մի մասը միայն, որոնք կարող են պատմական ժառանգություն համարվել:
Գերեզմանաքարերի մի մասն ավերվել է, կողոպտվել, մյուս մասն էլ որպես շինանյութ է ծառայել շրջակայքի բնակիչների համար: Երկրաշարժից հետո տարածքը փորվել էր Արտակարգ իրավիճակների վարչության կողմից, որպեսզի այնտեղ տնակներ տեղակայեն: Իսկ այժմ այնտեղ բնակիչների համար գոմեր են կառուցվելու:
Այժմ թաղային խորհուրդը դիմել է մի շարք կառույցների՝ նման շինարարությունն արգելելու պահանջով, սակայն առայժմ ոչ մի զարգացում տեղի չի ունեցել: