Տերսիմի մեջ հայտնաբերված է 3000 տարվան հնադարյան բնակավայր մը

Թրքական worldbulletin կայքեջը կհաղորդե, որ թուրք հնագետներ, Տերսիմի Չեմչելի գյուղին մոտ պեղումներու ընթացքին հայտնաբերած են հնադարյան միջնաբերդի մը ավերակները: Պեղումներու աշխատանքները ղեկավարած են Պիթլիսի Էրեն համալսարանի պատմաբան Սերքան Էրտողան եւ Թունչելի մարզի (Տերսիմ) զբոսաշրջության եւ մշակույթի տնօրեն Իսմեթ Հաքան Յուլասողլու: Ըստ Սերքան Էրտողանի, հայտնաբերված միջնաբերդի տարածքը ավելի մեծ է քան 3 ֆութպոլի դաշտեր միացված: Այս մասին կհաղորդե «Հորիզոն»-ը:
Սակայն ամենեն ուշագրավը այն է, որ հնավայրի գտածոներեն մեկուն լուսանկարը, որ տեղադրված է կայքեջին վրա, հստակորեն ցույց կու տա հայերեն փորագրված գիրեր: Լրատվությունը վերոնշյալ կայքեջին վրա հրապարակված է Նոյեմբեր 14-ին, որուն մասին հետագա օրերուն հավելյալ մանրամասնություններ եւ տեղեկություններ չեն փոխանցված:
Հայոց պատմական Ծոփք նահանգի մաս կազմող Տերսիմը կգտնվի Վանա լիճեն հյուսիս-արեւմուտք, հյուսիսեն` Երզնկա, հարավեն` Խարբերդ, արեւելքեն` Պինկեոլ-մուշ եւ արեւմուտքեն` Սեբաստիա: կգտնվի ծովու մակերեսեն 2000 մեթր բարձրության վրա: Երեք կողմեն շրջապատված է Եփրատ գետով եւ անոր հարկատուներով: Գլխավոր գետերեն է Մնձուրը: Շրջանը լեռնային է եւ անտառապատ:
Հայկական բարձրավանդակի սիրտը հանդիսացող Տերսիմը` հայ ժողովուրդի հնադարյան հեթանոսական կրոնքի եւ առաքելատիպ քրիստոնեության բնօրրանն է: Տերսիմ այն հազվագյուտ եւ կարելի է ըսել միակ շրջանն է, ուր հայ արեւորդին, ալեւի քիզիլպաշը, Պավղիկյան աղանդավորականը դարերու թավալումին հետ համատեղ եւ համերաշխ ապրած են եւ ժամանակի ընթացքին համաձուլված են: Այս անառիկ լեռնաշխարհին մեջ ապրելով Մամիկոնյան ազնվատոհմ նախարարության վերջին շառավիղները` միաձուլված են քիզիլպաշին հետ եւ վերընձյուղված են որպես Մամիքա ցեղախումբ: Տերսիմի ահագնագոռ լեռներուն վրա ծվարած մարտունակ հայն է, որ մինչեւ 20-րդ դար հիշած ու հավատացած է Անահիտին, Աստղիկին, Վահագնին եւ Արամազդին:
Լեռնածերպերու արծուաբույններ հանդիսացող եւ շատ հաճախ հայ-քիզիլպաշ խառն բնակչություն ունեցող Տերսիմի ըմբոստ գյուղերն ու ավանները երբեք չեն խոնարհած թրքական բռնակալ բանակներուն առջեւ, այլ միշտ պարտության մատնած են թուրքերը:
Մեծ Եղեռնի օրերուն, Տերսիմի ժողովուրդը ապաստան տալու զլացած ըլլար իր տարաբախտ ու հալածյալ եղբայրներուն: Խարբերդի, Արաբկիրի, Դաշտային Տերսիմի, Դերջանի, Երզնկայի եւ Սեբաստիո ջարդերեն փրկված հայորդիներ ապաստան գտան լեռնային Տերսիմ: Հայ եւ օտար աղբյուրներու համաձայն, Տերսիմ հանգրվանած հայ վերապրողներու թիվը 30-40 հազարի շուրջ եղած է, որուն որոշ մեկ հատվածը անցած է ռուսական սահմանը, իսկ Տերսիմ մնացած եւ հաստատված է ստվար հատված մը:
1938-ին, հանրապետական Թուրքիո մեջ թրքական կեդրոնական իշխանության չենթարկվող միակ շրջանը Տերսիմն էր, որուն դեմ քեմալական բանակը կոիվ կհրահրե: կբռնկի 1938-ի Տերսիմի ապստամբությունը: Հոլանտացի պատմաբան Մարթին Վան Պրունսընի տվյալներով 1937-1938, մինչեւ Տերսիմի ապստամբության ղեկավար Սեյիտ Ռիզայի գերեվարումն ու կախաղան բարձրացումը (Նոյեմբեր 18, 1938) թրքական բանակը սպանդի ենթարկեց 70 հազար տերսիմցի հայ եւ քիզիլպաշ բնակիչ, որոնց շարքին երեխա, ծեր եւ կին: Անպաշտոն հաշվարկներով տեղահան եղան կամ փախստական դարձան 150 հազար տերսիմցիներ: Ամայացան հայ-քիզիլպաշ 200 գյուղեր: