Համացանցում «.հայ» դոմենային անուն կհայտնվի
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/11/006.jpg)
ICANN կազմակերպությունը նոյեմբերի 20-ին որոշում է կայացրել համացանցային «.հայ» նոր դոմենային անուն գրանցել: «.հայ» անվան գրանցումից հետո սկսվող տեխնիկական համաձայնեցումների գործընթացը 3-6 ամիս կտևի, PanARMENIAN.Net -ի փոխանցմամբ՝ տեղեկացնում են ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունից:
«Սա աշխարհի հայության համար կարևոր նշանակություն ունեցող իրադարձություն է, որը բոլորին հնարավորություն կտա իրենց մասին տեղեկատվությունը համացանցում տարածել նաև հայատառ «.հայ» դոմենի օգտագործմամբ: «.հայ» դոմենային անվան օգտագործումը կխթանի հայկական ստեղնաշարի օգտագործումը Սփյուռքում, հայկական տառատեսակների լայն ներդրումը ժամանակակից բջջային սարքերում, թույլ կտա զարգացնել հայերենի իմացության մակարդակը համացանցում: Միևնույն ժամանակ կնպաստի հայոց լեզվի կիրառման ընդլայնմանն ինչպես առօրյայում, այնպես էլ Հայաստան- Սփյուռք կապերի հետագա ընդլայնման հարցում», – նշվում է հաղորդագրությունում: