Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին ներկայացում է բեմադրվելու

Հայոց ցեղասպանության 100-ամյակին՝ 2015թ.-ին ընդառաջ ռեժիսոր Նիհաթ Մուրշիթփընարը սկսել է հայերի տեղահանության և կոտորածների մասին պատմող պիեսի բեմադրությունը, որի հեղինակն Օզգյուր Օզջանն է: Այս մասին հայտնում է Tert.am-ը:

Խոսելով իր ստեղծագործության մասին՝ նա նշել է, որ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների խնդիրները 1915թ.-ին չեն սկսվել ու ավարտվել: Դրանք շարունակվում են մինչ այժմ:

«Պիեսը գրելիս փորձել եմ գտնել պատասխանն ու հանդիսատեսից հարցնել, թե ի՞նչ է փոխվել ու ի՞նչ չի փոխվել անցած 100 տարիների ընթացքում: Կոտորածները տեսնելով՝ լուռ մնացած մարդիկ կոտորողների չափ հանցավոր են»,- ասել է նա։

Պիեսում հայրենիքից հեռանալ հարկադրվածները հանդիպում են արտերկրում՝ Անդո քեռու մոտ:

Նա նշել է, թե ինչ դժվարությունների են հանդիպում պիեսը ցուցադրելու համար բեմ գտնելու հարցում:

«Մարդիկ մտածում են, որ դրանով իրենց կառույցները վտանգի տակ կդնեն: Այն, որ պիեսը հայերի և 1915թ.-ին մասին է և բեմադրվելու է 2015թ.-ին՝ ջարդերի 100-ամյակին, մարդկանց կաշկանդում է:  Դեռ բեմ ենք փնտրում: Մեր ներկայացումը նաև հայերեն է թարգմանվելու»,-ասել է նա:

Scroll Up