ՄԱԿ-ի զարգացման գործակալության մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն

Նոյեմբերի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման գործակալության մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյին:

Նախարարը կարևորեց Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման գործակալության հետ Սփյուռքի նախարարության համագործակցությունը՝ նշելով, որ ստեղծման առաջին իսկ օրերից գերատեսչությունը համատեղ ծրագրեր է իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության հետ:

Նախարարը անդրադարձավ նաև ՄԱԿ-ի աջակցությամբ «Գիտելիքի փոխանցում Սփյուռքի հայրենակիցների միջոցով», «Քաղաքացիական կրթության կենտրոնի և Սփյուռքի համար իրականացվող աշխատանքների համակարգում և դրանց մասին տեղեկությունների տարածում», «Սփյուռքի նախարարության գործունեության մասին հանրային իրազեկության ընդլայնմանն ուղղված քարոզարշավ», «Սփյուռքի նախարարության ինտերնետային կայքի պատրաստում» և այլ համատեղ իրականացված ծրագրերին:

Գերատեսչության ղեկավարը հատկապես արժևորեց «Արտերկրում բնակվող հայերի համար» անգլերենով և հայերենով մշակված ձեռնարկի հրատարակումը, որի նպատակն է արտերկրում ապրող հայության համար վերլուծել և հասանելի դարձնել ՀՀ օրենսդրությունը՝ կրթության, մշակույթի, աշխատանքի, սեփականության և մի շարք այլ բնագավառներում, հնարավոր դարձնել նրանց մասնակցությունը և օժանդակությունը Հայրենիքի զարգացման գործին:

Խոսելով ներկայումս իրականացվող համատեղ ծրագրերի մասին՝ նախարարը բարձր գնահատեց Հայաստան տեղափոխված սիրիահայերին աջակցելու նպատակով ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, Պարենի համաշխարհային ծրագրի և Մանկական հիմնադրամի հետ ակտիվ համագործակցությունը:

ՀՀ սփյուռքի նախարարը ՄԱԿ-ի զարգացման գործակալության մշտական ներկայացուցչին ներկայացրեց սիրիահայերի համար «Նոր Հալեպ» թաղամասի բնակարանաշինության ծրագիրը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն կարևորեց նախարարության հետ համագործակցությունը, հատկապես Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերին ցուցաբերած առաջին օգնությունը:

Բրեդլի Բուզետոն համոզմունք հայտնեց, որ վերոնշյալ այդ և այլ համատեղ ծրագրերը շարունակական են լինելու, քանի որ բոլորն էլ իրականացվում են առավելագույն արդյունավետությամբ:

Երկուստեք նշվեց ՄԱԿ-ի հայաստանյան կառույցների և ՀՀ սփյուռքի նախարարության համատեղ աշխատանքները լրատվամիջոցներում առավել լայնորեն լուսաբանելու կարևորության մասին:

Scroll Up