Արժանի հայորդիներ
Երանի՜ նրան, հազա՜ր երանի՝
Ում ժողովու՛րդը որդի կանվանի…
Ա. Սահակյան
Սփյուռքում մեծացող հայ երեխաներ ունենք, որոնք իրենց ընդունակություններով աչքի են ընկնում ուսման, արվեստի, սպորտի բնագավառներում։ Նրանցից է Օդեսայի Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցի սան 11-ամյա Արթուր Սեդրակյանը։ Տղայի հայրը, որը նույնպես կրում է Արթուր անունը, լինելով արհեստավարժ մարզիկ, սպորտի հանդեպ սերը փոխանցել է որդուն, որը փորձում է հետ չմնալ սիրելի հայրիկից։ Հայկական իրականության մեջ հազվադեպ հանդիպող երևույթ է, երբ հայր ու որդի կրում են նույն անունը, սակայն այս առյուծասիրտ ու անվեհեր մարզիկներն իրենց քաջությամբ ինձ հիշեցնում են մեր դյուցազնավեպի հերոսներին՝ Մեծ ու Փոքր Մհերներին։ Նրանց արծվային հայացքներում հայկյան նետի սլացքը կա, իսկ երակներում ասես ամփոփված է մեր հերոսապատում էպոսի դյուցազունների գերբնական ուժը։ Երկուսն էլ ունեն մարզական տարբեր կարգերի պարգևներ: Այստեղ են ասել՝ «պտուղը ծառից հեռու չի ընկնում»։ Հայրը արևելյան մարտարվեստներից մեկի՝ կարատեի «թաեքվոնդո» մարզաձևի սև գոտու/1դան/ կրող է, իսկ որդին՝ կարմիր գոտու։ Վերջերս՝ հոկտեմբերի 20-21-ին, Ուկրաինայի Զապորոժյե քաղաքում կայացած WTF թաեքվոնդոյի Ուկրաինայի պատանեկան բաց առաջնությունում /Запорожская Сечь/ 11-ամյա Արթուրը, ցուցաբերելով հայկական բնավորություն և գերազանց տիրապետելով մենամարտի տեխնիկային՝ իր քաշային կատեգորիայում գրավեց առաջին տեղը։ Սպորտի մեծ աշխարհի այս փոքրիկ «հսկան» մի գեղեցիկ երազանք է փայփայում՝ հետագայում դառնալ օլիմպիական չեմպիոն և օլիմպիական բարձունքներում հնչեցնել հայոց օրհներգը.«Ես ուզում եմ, որ ինձանով հպարտանան իմ ընտանիքը ու իմ հայրենիքը»։
Հայրը՝ Արթուր Սեդրակյանը, դժվար ու պատասխանատու պաշտոններ է վարում. նա WTF թաեքվոնդոյի Ուկրաինայի վետերանների միության նախագահն է, թաեքվոնդոյի մարզային ֆեդերացիայի փոխնախագահը, նաև՝ գլխավորում է մարզային ատեստավորման հանձնաժողովը։ Նա գործին նվիրվել է իր մարդասիրական բարձր արժանիքների շնորհիվ։
«Ապրելով բազմազգ երկրում ու քաղաքում,- ասում է պարոն Սեդրակյանը,-մենք նպատակ ենք հետապնդում՝ կոփել ու դաստիարակել ոչ միայն հայ, նաև՝ ուրիշ ազգերի քաջառողջ ու գեղեցիկ երիտասարդների սերունդ, ուժեղ ու առաքինի քաղաքացիներ։ Առաջնորդվելով «առողջ հոգին առողջ մարմնի մեջ» սկզբունքով՝ մենք ձգտում ենք
ի հայտ բերել երեխաների ու պատանիների ունակությունները, զարգացնել և զանգվածային դարձնել այս մարզաձևը»։
Հային վայել յուրահատուկ ջանասիրությամբ Սեդրակյանն իր զավակին դաստիարակում է հայկական ոգով ու ավանդույթներով։ Նրա կինը՝սլավոնուհի Ելենան, նույնպես, սիրելով ամուսնուն ու որդուն, ձգտտում է, որ երեխան, երկու ազգերի զավակը և մշակույթների կրողը լինելով հանդերձ՝ հայեցի դաստիարակություն ստանա, դառնա իր ժողովրդի արժանի զավակը։ Ծնողների հոգատարությունն ու հետևողականությունը տալիս են իրենց պտուղները։ Արթուրը հանրակրթական դպրոցում գերազանց է սովորում, ուսուցանում է տարբեր լեզուներ, սակայն մեր էպոսի հայկազունների գենը, գուցե արյան կանչը նրան բերում են հայկական կիրակնօրյա դպրոց։ Մեսրոպախոս վարժարանում նա կրթվում է սիրով, հայրենական, «մեր իմաստուն մեծ Մաշտոցի անմահ գանձերը ժառանգում»։ Նրա աղոթքի լեզուն հայերենն է։ Արթուրը լավ է տիրապետում մեսրոպատառ լեզվի գաղտնիքներին, քաջատեղյակ է իր ժողովրդի պատմությանը և ձգտում է ավելին իմանալ։ «Հայ ասպետ» հայրենագիտական մրցույթի ընթացքում նրա ներկայացրած մեկնաբանությունները հաղթանակ են պարգևում սեփական թիմին։ Ծնվելով օտար հողի վրա՝ նա հոգով ու սրտով հայ է և հայերեն բաբախող իր սրտից բխած ձոն է հղում հայրենիքին.
Դարերի խորքից ես գալիս,
Դու պատմության դասեր ես տալիս
Իմ հարազատ հայո՜ց աշխարհ։
Քո բոլոր բարի օրերի համար
Աղոթում եմ ես, որ ապրես խաղաղ,
Իմ հարազատ հայո՜ց աշխարհ։
Քո խաղաղ գրկում գամ ու ապրեմ ես,
Արաքսի ափին երգ նվիրեմ քեզ,
Իմ հարազատ հայո՜ց աշխարհ։
Արթուրը հաճախ է լինում հայրենի երկրում, հայրիկի ծննդավայրում, որտեղ աննկարագրելի սիրով ու ջերմությամբ են նրան շրջապատում հարազատները։ Նա խոստովանում է, որ անծանոթներն անգամ իր և միմյանց նկատմամբ այդպիսին են։
Հայաստանը գրավում է տղային ոչ միայն բարի ու բարեկամ մարդկանցով, նաև՝ բարի երազներով, գեղատեսիլ բնությամբ, հոյակերտ ու քարակերտ վանքերով, հնադարյան բերդ-ամրոցներով, կապույտ երկնքի ծիծաղով ու կապուտաչյա Սևանով, ծաղկուն դաշտավայրերով ու նրանց միջով գալարվող խենթ,փրփրաբաշ գետերով, կարկաչուն առվակներով ու ցայտաղբյուրների՝ արցունքի պես ջինջ ու սառնորակ ջրերով, երևանյան հրաշալիքներով ու արևահամ, հյութեղ մրգերով… Այդ են վկայում նրա գրած բանաստեղծության գողտրիկ տողերը.
Там, где исторический Ван,
Где прекрасный Ереван,
Где берет в свое начало,
Замечательный Севан,
Где озёра и равнины,
Где цветущая поля-
Там Родина моя.
Միով բանիվ՝ Հայրենիքում ամեն ինչ տղային շատ հոգեհարազատ է ու անչափ սիրելի …
Նարինե Մուրադյան
«Վերնատուն» համայնքաթերթի թղթակից. ք. Օդեսա